Լրահոս

29.01.2024 17:23


Թատրոնի հաշիվներին փող կա, մեր վաստակածն է, բայց չենք կարողանում օգտագործել. ի՞նչ զարգացումներ կան «Գոյ»-ի շուրջ

Թատրոնի հաշիվներին փող կա, մեր վաստակածն է, բայց չենք կարողանում օգտագործել. ի՞նչ զարգացումներ կան «Գոյ»-ի շուրջ

Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարության ոոշմամբ «Գոյ» թատրոնը որպես առանձին միավոր լուծարվեց ու միացվեց Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։ Այս որոշումը սուր քննադատության արժանացավ ոչ միայն թատրոնի կազմի, այլև թատերասերների կողմից․ բոլորս հիշում ենք, թե Պետական կամերային երաժշտական թատրոնի միավորումը Պարոնյանի անվան թատրոնին ինչով ավարտվեց:

Բողոքի ակցիաներից հետո Արմեն Մազմանյանի անվան «Գոյ» թատրոն բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ)-ը՝ «Գոյ» թատրոնը, դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ կառավարության՝ պահաջելով, որ վարչական դատարանը անվավեր ճանաչի կառավարության «11.05.2023թ. թիվ 701-Ն» որոշումը։

Ի՞նչ զարգացումներ կան, արդյո՞ք թատրոնը շարունակում է աշխատել, իսկ դերասանները աշխատավարձ ստանալ․ այս հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Արթուր Սահակյանի հետ։

«Ներկայացումները խաղում ենք, նոր ներկայացումներ դեռ չենք անում, քանի որ լարված է մթնոլորտը։ Փետրվար ամիսն էլ ենք խաղալու «Գոյ» թատրոնում։ «Սունդուկյան» թատրոնը մեր թատրոնը չի, մենք ունենք մերը, ինչի՞ եք քանդում, մեզ տեղափոխում։ Դատական հայցը գնաց Վարչական դատարան ու հուսանք, որ մեր ուզածը արդարադատությունը կիրականացվի»,-ասաց Սահակյանը։

Հարցին, թե արդյո՞ք դերասանները շարունակում են աշխատավարձ ստանալ, Սահակյանը պատասխանեց, որ անցյալ տարվա աշխատավարձը ստացել են, իսկ այս տարվա համար դեռ պետք է սուբսիդիա կնքվի։ Այսինքն՝ դերասանները դեռ հունվար ամսվա աշխատավարձերը չեն ստացել։

«Մեր հաշիվները անհասկանալի վիճակում են, թատրոնի հաշվին փող կա, վաստակած փողն է, բայց չենք կարողանում օգտագործել, արգելք է դրած։ Մենք տեղ չունենք նահանջելու, մենք դեմ ենք քանդելուն։ Մեր հետագա քայլերը կապված են, թե իրենք ինչ կանեն. եթե չեն փակում, եթե միացնում են, չեմ կարծում, որ ոստիկանությամբ գան, թե չէ կստացվի փակում են»,- ասաց նա։

Սահակյանը կրկնեց այն, ինչ ասում են բոլո ԳՈՅ-ականները՝ «Սունդուկյան» թատրոնի հետ միանալ բացառվում է ցանկացած դեպքում։

«Տեսնում եք Պետական կամերային երաժշտական թատրոնի միավորման արդյունքը, չկա թատրոնը, գոյություն չունի։ Մենք կանք, մեզ ի՞նչ իրավունքով եք փակում, մի՛ խանգարեք։ Մեր աշխատանքներին ոչ թե պիտի խանգարեք, այլ օգնեք»,- հավելեց Սահակյանը։

Հիշեցնենք, որ «Գոյ» թատրոնը միացվեց Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։ Այս մասին որոշում կայացրեց ՀՀ կառավարությունը։ Ըստ գործադիր մարմնի` «Գոյի» միավորումը միտված է թատրոնի ստեղծագործական ներուժն առավել արդյունավետ և նպատակային գործադրելուն: Դերասանները պնդում են հակառակը՝ սա թատրոնը ոչնչացնելու ուղղված որոշում է:

Այս խորագրի վերջին նյութերը