Աշխարհ

06.02.2024 19:15


Իրանում հայտնաբերվել է բրոնզեդարյան շրթներկ

Իրանում հայտնաբերվել է բրոնզեդարյան շրթներկ

Իրանի հարավ-արևելքում գտնվող Քերման նահանգում պեղումների ժամանակ փոքրիկ շիշ է հայտնաբերվել, որը, պարզվել է, բրոնզե դարի մուգ կարմիր շրթներկի պատյան է։ Այս մասին հաղորդվում է Իրանի Թեհրանի համալսարանի կայքում։ Հետազոտող թիմում ընդգրկված են եղել Իրանի և Իտալիայի հետազոտական կենտրոնների հնագետներ և դեղագետներ:

Գիտնականները վերլուծություն են կատարել՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաները և պարզել, որ այդ շիշը պարունակում է կարմիր նյութի հանքային բաղադրիչներ (կարմիր երկաթի հանքաքարի հեմատիտ, մանգանի օքսիդ, բրոունիտ):

«Այս խառնուրդը զարմանալիորեն նման է շրթներկի ժամանակակից բաղադրատոմսերին: Մենք կարողացանք նաև թվագրել հին Մերձավոր Արևելքի կոսմետիկայի հետ կապված հայտնագործությունը: Այն թվագրվում է մ.թ.ա 2-րդ հազարամյակի սկզբին»,-ասվում է համալսարանի տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ հետազոտողների՝ այս տվյալները համընկնում են Միջագետքի սեպագիր տեքստերում արևելյան իրանական հզոր քաղաքակրթության՝ Մարհաշիի (մ.թ.ա. երրորդ հազարամյակի քաղաք-պետություն, որը գոյություն ուներ Էլամից արևելք՝ Իրանի բարձրավանդակում) մի քանի հիշատակումների հետ:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը