Աշխարհ

13.02.2024 18:20


Ճապոնիայում առաջին անգամ բուծել են խոզ, որի օրգանները կարելի է փոխպատվաստել մարդուն

Ճապոնիայում առաջին անգամ բուծել են խոզ, որի օրգանները կարելի է փոխպատվաստել մարդուն

Ճապոնիայում առաջին անգամ հաջողությամբ բուծել են գենետիկորեն ձևափոխված խոզ, որի օրգաններն ապագայում կարող են առանց օրգանիզմի կողմից մերժման փոխպատվաստվել մարդկանց։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ըստ հրապարակման՝ Մեյձիի համալսարանի հովանու ներքո գործող PorMedTec ընկերությունը հայտարարել է, որ սկզբում քսենոտրանսպլանտացիայի նպատակով (խմբ.` կենդանիների օրգանների փոխպատվաստում մարդու մարմնում) գենետիկորեն ձևափոխված խոզերի բուծման համապատասխան տեխնոլոգիան մշակվել է ԱՄՆ-ում՝ տեղական կենսատեխնոլոգիական ընկերության կողմից։ Ճապոնացի մասնագետները կարողացել են հաջողությամբ կլոնավորել խոճկորին՝ օգտագործելով ԱՄՆ-ից ներմուծված բջիջները։ Ընդգծվում է, որ սա առաջին դեպքն է, երբ Ճապոնիայի տարածքում ծնվել է գենետիկորեն ձևափոխված խոզ, որի օրգանները հետագայում նախատեսվում է փոխպատվաստել մարդուն։

Ճապոնացի մասնագետները ենթադրում են, որ արդեն 2024 թվականին կսկսեն գենետիկորեն ձևափոխված խոզի օրգանները փոխպատվաստել կապիկի մարմնում, ինչը միջանկյալ քայլ է մարդու մարմնում փոխպատվաստման ճանապարհին:

ԱՄՆ-ում 2023 թվականի աշնանը կատարել են գենետիկորեն ձևափոխված խոզի սրտի փոխպատվաստման՝ աշխարհում երկրորդ վիրահատությունը վերջնական փուլում սրտի անբավարարություն ունեցող մարդու մարմնում։ Վիրահատությունը հիվանդին թույլ է տվել ապրել ևս վեց շաբաթ, սակայն, ի վերջո, 58-ամյա տղամարդը մահացել է։ Մերիլենդի համալսարանի մասնագետները, որոնք կատարել են վիրահատությունը, խոստովանել են, որ սկսվել է փոխպատվաստված սրտի մերժում մարդու օրգանիզմի կողմից։

Այսպես կոչված, քսենոտրանսպլանտացիային վաղուց խանգարել է այն հանգամանքը, որ իմունային համակարգը մերժում է օտար հյուսվածքները: Կենսաբաններն այս խնդրի լուծմանը մոտեցել են միայն անցյալ տասնամյակի սկզբին՝ գենետիկական ինժեներիայի շնորհիվ:

Այս խորագրի վերջին նյութերը