Լրահոս

15.02.2024 12:56


«Հողատարածքի զգալի մասը ծածկված է գերեզմանոցով». Ակադեմիական քաղաքի հատակագիծը խնդիրներ է հարուցել

«Հողատարածքի զգալի մասը ծածկված է գերեզմանոցով». Ակադեմիական քաղաքի հատակագիծը խնդիրներ է հարուցել

Պաշտոնական հատակագծային գոտիավորման հատակագծերը պետք է նորից քննարկվեն, քանի որ այս պահին հողատարածքի զգալի մասը ծածկված է գերեզմանոցով: Այս մասին նշված է «Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագծի նախագծումն իրականացնող գերմանական GMP International GmbH Architects and Engineers ճարտարապետական ընկերության մշակած սահիկաշարի տարբերակում, որը վերջերս քննարկման է դրվել ակադեմիական հանրության շրջանում:

NEWS.am-ն ուսումնասիրելով «Ակադեմիական քաղաքի» հատակագծի նախնական տարբերակն, ինչպես նաև վերլուծելով գերմանական ընկերության առաջարկները, առանձնացրել է մի քանի խնդրահարույց և կարևոր կետեր, որոնց մասին հանրությունը պետք է պատշաճ իրազեկվի:

Աջափնյակի խոշոր գերեզմանատների տարածքների պլանային գոտիավորումը հնարավոր է փոխվի

GMP International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն, գերմանացի ճարտարապետ Թոբիաս Քայելի ներկայացրած՝ «Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագծի մշակման սահիկաշարի համառոտ տարբերակում նշված է, որ տեղանքը հիմնականում շրջապատված է բնակելի շենքերով, վարելահողերով, արտադրական տարածքներով և գերեզմանատներով:

«Պաշտոնական պլանային և հատակագծային գոտիավորման հատակագծերը պետք է նորից քննարկվեն, քանի որ այս պահին հողատարածքի զգալի մասը ծածկված է գերեզմանոցով»,-նշված է սահիկաշարի համառոտագրում: Նշենք, որ քաղաքաշինական տերմինաբանությամբ՝ գոտիավորումը (գոտևորում) տարածքների գոտիների սահմանների որոշումն է՝ դրանց օգտագործման կանոնակարգերով և ըստ դրանց գործառնական նշանակության, կառուցապատման չափորոշիչների և լանդշաֆտի կազմակերպման:

Ակադեմիական քաղաքի հատակագիծն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ բուհական քաղաքի հարավարևելյան հատվածին հարող տարածքում խոշոր գերեզմանատներ են: Խոսքը Աջափնյակ վաչական շրջանում գտնվող Սիլիկյան և Սպանդարյան գերեզմանատների մասին է: «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ից NEWS.am-ին հայտնեցին, որ նշված գերեզմանատները բաց են, այսինքն այնտեղ թույլատրվում է հուղարկավորություններ իրականացնել: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանի համաձայն՝ գլխավոր հատակագծերի նախագծերում բնակավայրերին հարող տարածքներում պետք է նախատեսել քաղաքի ազդեցության (մերձքաղաքային) գոտի՝ որպես պահուստ քաղաքի տնտեսական սպասարկման օբյեկտների տեղակայման, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում բնակչության տարհանման համար, որտեղ կազմակերպվում են համայնքի հիմնական փոխադարձ գործառական, ինժեներական, տրանսպորտային և հատակագծային կապերը շրջապատի հետ: Իսկ ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշմամբ՝ գերեզմանատներն ու դիակիզարանները տեղադրվում են բնակելի տներից, դպրոցներից, նախադպրոցական, առողջապահական և հասարակական այլ շենքերից ու հանգստի գոտիներից առնվազն 300 մետր հեռավորության վրա: Թե որքան է գերեզմանատների տարածքից ակադեմիական քաղաք ընկած հեռավորությունը, սահիկաշարում նշված չէ: Սակայն գերմանացի ճարտարապետի առաջարկից ենթադրվում է, որ Ակադեմիական քաղաքի ազդեցության (մերձքաղաքային) գոտու և գործող գերեզմանատների միջակայքը փոքր է, ինչն էլ հիմք կարող է դառնալ, որպեսզի հետագայում մայրաքաղաքի գլխավոր հատակագիծը կամ Աջափնյակ վարչական շրջանի գոտիավորման նախագիծը փոխելու որոշում ընդունվի: Թե ինչ խնդիրների կհանգեցնի նման որոշումը, արդյոք այն կազդի գործող՝ բաց գերեզմանատների կարգավիճակի փոփոխության վրա, առայժմ վաղ է գնահատականներ տալը:

Նախատեսվում է տեղափոխել երկաթուղու կայարանը

«Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագծի մշակման սահիկաշարի համառոտ տարբերակում նշվում է, որ երկաթուղին տեղանքը բաժանում է երկու մասի, հետևաբար հնարավոր է, որ գոյություն ունեցող երկաթուղային կայարանը տեղափոխվի տեղանքի կենտրոնական հատված։ NEWS.am-ը պարզեց, որ խոսքը Երևանը Կոտայքի, Գերաքունիքի և Տավուշի մարզերին կապող երկաթուղու մասին է, որն այժմ կիրառվում է բեռնափոխադրումների նպատակով, իսկ ամռանն այս ուղղությամբ գործում է Երևան–Սևան–Շորժա սեզոնային էլեկտրագնացքը։ Նշված տարածքում ժամանակին գործել է Սպանդարյան կայարանը, որն այս պահին չի շահագործվում:

Հայաստանյան երկաթուղիների կառավարիչը հանդիսացող «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից NEWS.am-ը հետաքրքրվել էր, արդյոք Ակադեմիական քաղաքի հատակագիծը կազմելիս քննարկումներ իրականացվե՞լ են ընկերության հետ, ինչին ի պատասխան ՀԿԵ-ի գլխավոր տնօրենի մամլո քարտուղար Ռուբեն Գրդզելյանը հայտնեց, որ այդ հարցով դեռևս պաշտոնական դիմում չեն ստացել:

«Քանի որ երկաթուղին Հայաստանի հանրապետության սեփականությունն է հանդիսանում, երկաթուղու զարգացման հետ կապված որոշումների կայացումը կառավարության գործառույթների շրջանակում է: Նշված հարցի հետ կապված պաշտոնանական դիմումի դեպքում, կքննարկվի գործընթացի հնարավորությունը և կիրականացվեն համապատասխան հաշվարկներ»,-ասաց մեր զրուցակիցը:

Կդիտարկեն Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի տեղափոխման հնարավորությունը

Գերմանացի ճարտարապետներն ակադեմիական քաղաքի հատակագիծը կազմելիս, ի թիվս այլ խնդիրների, արձանագրել են, որ Բարձրավոլտ էլեկտրական ցանցերն անհարմար կերպով բաժանում են տեղանքը։ «Պետք է դիտարկել դրանցից մի քանիսի տեղափոխման հնարավորությունը»,-նշված է Ակադեմիական քաղաքի հատակագծի մշակման սահիկաշարի համառոտ տարբերակում:

Գործող իրավակարգավորումներով՝ Էլեկտրահաղորդման 110կՎ և ավելի բարձր լարման օդային գծերի (ՕԳ) տեղաբաշխումը թույլատրվում է միայն բնակելի և հասարակական-գործարարական գոտիների սահմաններից դուրս: Իսկ 220 կՎ և ավելի բարձր լարման էլեկտրահաղորդման տարանցիկ գծերի տեղադրումը բնակավայրերի սահմաններում չի թույլատրվում, բացառությամբ պահուստային տարածքների: Բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի միջանցքների լայնությունը և դրանք շահագործելու թույլատրելի ռեժիմը, այդ թվում նաև գյուղատնտեսական արտադրանքի ստացման համար, որոշվում են էլեկտրական էներգիայի հաղորդաբաշխման վերաբերյալ ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի N 961-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգով։ 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրամատակարարման ցանցերի համար՝ ՀՀ կառավարության 2009 թվականի ապրիլի 2-ի N 363-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրական ցանցերի անվտանգության գոտիների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի» համաձայն՝ էլեկտրահաղորդման օդային գծերի երկայնքով, գծի երկու կողմերից (եզրային հաղորդալարերից՝ դրանց չշեղված դիրքի դեպքում) սահմանվում են անվտանգության գոտիներ:

Այս խորագրի վերջին նյութերը