Աշխարհ

20.02.2024 21:40


Առաջին մարդը, որի ուղեղում ներդրվել է Neuralink չիպը, կարողանում է մտքի ուժով շարժել համակարգչային մկնիկը. Մասկ

Առաջին մարդը, որի ուղեղում ներդրվել է Neuralink չիպը, կարողանում է մտքի ուժով շարժել համակարգչային մկնիկը. Մասկ

Առաջին մարդը, որի ուղեղում ներդրվել է Neuralink ընկերության չիպը, կարծես թե լիովին ապաքինվել է և ի վիճակի է կառավարել համակարգչային մկնիկը` օգտագործելով իր միտքը: Այս մասին, Reuters-ի փոխանցմամբ, հայտարարել է Neuralink-ի հիմնադիր Իլոն Մասկը:

«Լավ առաջընթացը կա, և հիվանդը, կարծես, լիովին ապաքինվել է... Հիվանդը կարողանում է մկնիկն էկրանի շուրջ շարժել՝ պարզապես մտածելով»,-ասել է Մասկը Spaces միջոցառման ժամանակ:

Մասկը մանրամասնել է, որ Neuralink-ն այժմ փորձում է այնպես անել, որ հիվանդը հնարավորինս շատ կարողանա սեղմել մկնիկի կոճակը:

Նշենք, որ Neuralink նեյրոտեխնոլոգիական ընկերությունը հունվարի 28-ին առաջին անգամ նեյրոչիպ է ներդրել մարդու ուղեղում։ Այն նախատեսված է մտքերի միջոցով տարբեր սարքեր օգտագործելու համար:

«Երեկ առաջին մարդը ստացել է Neuralink իմպլանտը, վիրահատությունից հետո ապաքինումը լավ է ընթանում։ Առաջին օգտատերերը կլինեն այն մարդիկ, որոնք կորցրել են իրենց վերջույթների վերահսկողությունը»,-գրել էր Մասկը X սոցիալական ցանցում։

Neuralink-ը չիպերը փորձարկելու համար սկսել է կամավորներ հավաքագրել սեպտեմբերին: Ընկերությունը փնտրում էր այնպիսի մարդկանց, որոնց ձեռքերը և ոտքերը կաթվածահար են (տետրապլեգիա)՝ ողնուղեղի վնասվածքի կամ ամիոտրոֆիկ կողային սկլերոզի պատճառով։

Փորձարկումների ընթացքում հիվանդներն օգտագործում են նյարդային ինտերֆեյս (BCI)՝ միկրոչիպ՝ մտքի ուժով արտաքին սարքերը կառավարելու համար։ Հիվանդները մտքի ուժով կկարողանան կառավարել մկնիկի կուրսորը կամ համակարգչի ստեղնաշարը։ Փորձարկման գործընթացը կտևի մոտ վեց տարի։ Մինչ այս չիպի վերաբերյալ հետազոտություններ են իրականացվել կենդանիների վրա։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը