Աշխարհ

02.03.2024 15:34


Արգենտինայում պաշտոնյաներին կարգելեն ճամփորդել մասնավոր ինքնաթիռներով

Արգենտինայում պաշտոնյաներին կարգելեն ճամփորդել մասնավոր ինքնաթիռներով

Արգենտինայի իշխանությունները կանոնակարգեր կընդունեն, որոնք կարգելեն պաշտոնյաներին և նրանց ընտանիքի անդամներին օգտվել մասնավոր ինքնաթիռներից։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է երկրի նախագահ Խավիեր Միլեյը:

«Առաջիկա օրերին Քաղաքացիական ավիացիայի ազգային վարչությունը կներկայացնի նոր կանոնակարգեր, որոնք թույլ չեն տա քաղաքական գործիչներին կամ քաղաքական գործիչների հարազատներին օգտվել մասնավոր ինքնաթիռներից: Բացառություն կլինեն խիստ պաշտոնական դեպքերը»,-մարտի 1-ին նշել է նախագահը:

Միլեյը հավելել է, որ պաշտոնյաներին նաև կարգելվի օգտագործել իրենց գործուղման համար տրված բոնուսները:

Արգենտինայի նախագահը շեշտել է, որ ինքը և իր կառավարության անդամները սովորական կոմերցիոն չվերթներից են օգտվում:

Միլեյը, որը նախագահի պաշտոնը ստանձնել է 2023 թվականի դեկտեմբերի 10-ին, պետության ղեկավարի պաշտոնում իր առաջին ելույթում երկրում տիրող իրավիճակը ծայրահեղ է համարել և հայտարարել է տնտեսության մեջ ցնցող միջոցառումների անհրաժեշտության մասին։

Այս խորագրի վերջին նյութերը