Աշխարհ

11.03.2024 18:13


«Օսկար»-ի արժանացած ֆիլմի հայ հերոսը պատմել է Բաքվից փախչելու մասին

«Օսկար»-ի արժանացած ֆիլմի հայ հերոսը պատմել է Բաքվից փախչելու մասին

Ռեժիսորներ Բեն Պրուդֆութի և Քրիս Բաուերսի «Վերանորոգման վերջին խանութը» (The Last Repair Shop) ֆիլմը հաղթել է հեղինակավոր «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ» անվանակարգում: Այն պատմում է չորս նվիրյալ արհեստավորի մասին, որոնք աշխատում են արհեստանոցում և վերանորոգում ուսանողների ավելի քան 80,000 երաժշտական գործիքներ: Սա իր տեսակի մեջ ԱՄՆ-ում մնացած ամենամեծ արհեստանոցն է: Ֆիլմի հերոսներն աշխատանքից զատ պատմում են իրենց ծանր ճակատագրերի մասին:

Նրանցից մեկը՝ արհեստանոցի ղեկավար Սթիվ Բաղմանյանը, որը սկսել է դաշնամուրներ վերանորոգելով, պատմել է Բաքվում հայերի ջարդերից առաջ խորհրդային Ադրբեջանից փախչելու մասին:

«Ես փոքրիկ հայ տղա էի, որն ապրում էր Բաքվում... Ծնողներս չէին կարող պատկերացնել, որ որևէ վատ բան կարող է տեղի ունենալ, որովհետև մենք ունեինք ընկերներ, հարևաններ, որոնց հետ կողք կողքի ապրել ենք այդքան տարի: Եվ ոչ ոք չէր մտածի, որ պատերազմ կսկվի: 1986-1987 թվականներին բոլոր հայերին սկսեցին վռնդել Բաքվից: Օրեցօր ավելի դժվար էր դառնում: Մենք հավաքվում էինք միասին դրսում, մեր շենքերի մոտ, խարույկ վառում և ամբողջ գիշեր հսկում մեր տները: Սակայն օրեցօր ավելի ու ավելի քիչ մարդ էր մնում մեզ հետ, որովհետև նրանք հեռանում էին, քանի որ վախենում էին: Հայրս լավատես էր, ասում էր.«Սթիվ, ես ոչ մի տեղ չեմ գնա, ես ոչ մեկին չեմ վնասել: Մենք ապրում ենք ԽՍՀՄ-ում և մեր կառավարությունը թույլ չի տա, որ նման բան պատահի»: Նա խելացի էր, բայց սխալվեց: Երբ աշխատանքի վայրում էր, ինչ-որ մեկը հետևից մոտեցել է նրան ու սպանել: Ես քսան տարեկան էի, պետք է վերցնեի մորս ու հեռանայի այնտեղից: Ուստի ուղղակի փակեցինք դուռը, ամեն ինչ թողեցինք: Օդանավակայան հասնելը հեշտ չէր, քանի որ հայի տեսք ունես ու մարդիկ կարող են փողոցում կանգնեցնել քեզ ու վնասել: Բայց իմ ադրբեջանցի ընկերները մեզ հասցրին օդանավակայան և մարդկային միջանցք ստեղծեցին այնտեղ, որպեսզի անցնենք դրանով»,-պատմել է Բաղմանյանը:

Այնուհետև նա խոսել է ԱՄՆ տեղափոխվելու և այնտեղ դաշնամուրով հրապուրվելու մասին:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը