Տնտեսական

18.03.2024 10:14


Պաշտոնական ընթրիքի համար ՊՆ-ն կհատկացնի 6 միլիոն դրամ

Պաշտոնական ընթրիքի համար ՊՆ-ն կհատկացնի 6 միլիոն դրամ

ՀՀ պաշտպանության նախարարությունն օրերս մեկ անձ ոչ մրցակցային ընթացակարգով պայմանագիր է կնքել «Յասաման թիմ» ՍՊԸ-ի հետ՝ ընկերությանը պատվիրակելով ներկայացուցչական արարողակարգային ծառայություններ՝ 6 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ: Ավելի կոնկրետ, այդ գումարով «Յասաման թիմ»-ին պատկանող ռեստորաններից մեկում կմատուցվի պաշտոնական ընթրիք:

2018 թվականի մայիսին ստեղծված «Յասաման թիմ» ՍՊԸ-ն, ի դեպ, ստեղծման օրից ի վեր պետգնումներում հասցրել է դառնալ ֆավորիտ. հիմնականում մեկ անձ ընթացակարգով մանր ու մեծ տարբեր գնումներով նրանց հետ համագործակցել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, նախարարության պետական արարողակարգի ծառայությունը, Ազգային ժողովը, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը, ՀՀ վարչապետի աշխատակազմը, Սահմանադրական դատարանը, Հակակոռուպցիոն կոմիտեն ու Դատախազությունը, Էկոնոմիկայի, Բարձր Տեխնոլոգիաների, Կրթության, Գիտության, Մշակույթի, Սպորտի և Պաշտպանության նախարարությունները:

Ըստ իրավաբանական անձանց e-register համակրգի՝ ՍՊԸ-ն ստեղծվել է 2018 թվականի մայիսին, 2018 թվականից իրական շահառու է դարձել աբովյանցի Գուլոյան Ջիվանը, Նարե Հովհաննիսյանը, իսկ 2022 թվականից՝ 50 տոկոս բաժնեմասը ձեռք է բերել առինջցի Ծառուկյան Ստյոպան:

Ի դեպ, վերջինի ընտանիքին են պատկանում Երևանի և Ծաղկաձորի «Յասաման», «Գինետուն» ռեստորանները ու «Համով տնակ» արագ սննդի կետը։

«Յասաման թիմ»-ի մաս հանդիսացող «Յասաման» ռեստորանին մամուլն անդրադարձել էր 2022 թվականին, երբ տեղեկություններ էին տարածվել, որ «Յասաման» ռեստորանը չեղարկել է Հայաստան ժամանած ադրբեջանցիներին հյուրընկալելու ու հյուրասիրելու պայմանավորվածությունը:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը