Տնտեսական

19.03.2024 12:04


Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ»

Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Դեռ նախորդ տարվանից փորձագետները պնդում էին, որ Հայաստանի իշխանությունները գնալու են հարկերը և տուրքերը բարձրացնելու կամ նորերը սահմանելու ճանապարհով: Ժամանակը ցույց տվեց, որ նրանք իրավացի էին: Միևնույն ժամանակ, գործող իշխանությունները անընդհատ հայտարարում են, թե «փողի խնդիր չունեն»: Իրականում ստացվում է, որ լրիվ հակառակն է: Պետք է հաշվի առնել, որ հարկերն ու տուրքերն ավելացնելը, նոր հարկատեսակներ մոգոնելը, հարկման շրջանակներն ընդլայնելը «ոչ պոպուլյար» քայլեր են, որոնք, բնականաբար, հարվածում են իշխանությունների՝ առանց այդ էլ գերցածր վարկանիշին: Արդյոք տնտեսության իրական վիճակն այնքան վա՞տ է, որ նույնիսկ գիտակցելով նշվածը՝ իշխանությունները գնում են նման քայլերի: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն իրավիճակը նկարագրում է պարզ օրինակով:

«Որպեսզի տնային տնտեսությունների պայմաններում կարողանանք եկամուտն ավելացնել, պետք է կա՛մ մի քանի տեղ աշխատենք, կա՛մ մեկ վայրի աշխատավարձը բարձրանա: Մի քանի տեղ աշխատելու հնարավորությունը սովորական մարդու համար շատ դեպքերում ժամանակի անբավարարություն է ենթադրում: Պետության պարագայում դա ենթադրում է արտադրական հնարավորություններ: Նշանակում է՝ Հայաստանի Հանրապետությունում արտադրված, վաճառված, այդ թվում՝ արտահանված արտադրանքի ավելացում նախատեսո՞ւմ ենք, թե՞ ոչ: Նայում ենք ցուցանիշներին և տեսնում՝ սննդի արդյունաբերություն՝ նվազում, խմիչքի արտադրություն՝ նվազում, դեղագործական հիմնական արտադրություն՝ նվազում և այլն:

Եթե արտադրանքը քանակապես նվազում է, ապա մնում է Արևմուտքից ներմուծում և Ռուսաստանին կամ հակառակ ուղղություններով ապրանքների վաճառքը, այդ դեպքում էլ ընդունեցին երկու տեսակ որոշում՝ տրանսպորտային միջոցների և երկակի նշանակության ապրանքների վերարտահանման արգելքը՝ այսպիսով արհեստական խոչընդոտ ստեղծելով: Հետևաբար, մնում է մեր ունեցած եկամուտների, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության հիմնական սպառումից ավելի շատ հարկերի հավաքագրումը: Սրան պետք է հաջորդի գնաճը, այսինքն՝ պետք է կա՛մ գները բարձրացնեն, որ նույն դրույքաչափերով ավելի շատ հարկ հավաքեն, կա՛մ պետք է հարկի դրույքաչափը բարձրացնեն, որ նույն եկամուտից ավելի շատ հարկ հավաքեն: Սրանք երկու ճանապարհով էլ գնացին:

2024 թ.-ի մեկնարկից անցել է 2,5 ամիս: Կառավարության ղեկավարը կառավարության նիստին խոսեց ջրի սակագնի բարձրացման անհրաժեշտության մասին, թե՝ սա ինչ ցածր թվեր են, այնուհետև տրանսպորտի գնի վերանայում, տրանսպորտի գնի բարձրացումը ենթադրում է նաև ավելի շատ հարկեր, այնուհետև կարմիր գծերի, հետագայում՝ փաստաբանական, բրոքերական ծառայությունների գների բարձրացում, պետբյուջեի օրենքի մեջ նախատեսել են կրթության, գիտության և առողջապահության՝ ավելացված արժեքի հարկով հարկում, ինչը նշանակում է 20 տոկոսով այդ ոլորտների սակագների բարձրացում: Ապագայում դեռ ականատես կլինենք բազմաթիվ նման նախաձեռնությունների, որովհետև 340 մլրդ դրամով բյուջեի ավելացումն ուղղակի հնարավոր չէ կատարել արտադրության նվազման պարագայում»,-եզրափակում է Սարգսյանը»:

Այս խորագրի վերջին նյութերը