Աշխարհ

23.03.2024 18:03


«Կրոկուսի» ահաբեկիչների համար պատրաստել էին «պատուհան» Ուկրաինա փախչելու համար. Պուտին (տեսանյութ)

«Կրոկուսի» ահաբեկիչների համար պատրաստել էին «պատուհան» Ուկրաինա փախչելու համար. Պուտին (տեսանյութ)

Ահաբեկիչների համար, որոնք հրաձգություն էին կազմակերպել մերձմոսկովյան «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում, պատրաստել էին «պատուհան» Ուկրաինա փախչելու համար, ռուսաստանցիներին հղած իր ուղերձում ասել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա տեղեկացրել է ահաբեկչությունը կատարող չորս անձանց բռնվելու մասին, որոնք փորձում էին մեքենայով փախչել Ուկրաինայի ուղղությամբ։

ՌԴ նախագահի խոսքով՝ քննչական և իրավապահ մարմինները կանեն ամեն ինչ, որպեսզի պարզեն «Կրոկուս սիթի հոլի» ահաբեկչության բոլոր մանրամասները։

«Ահաբեկիչներին, մարդասպաններին, ահավոր մարդկանց, որոնք չունեն և չեն էլ կարող ունենալ ազգություն, աննախանձելի ճակատագիր է սպասվում՝ հատուցում և մոռացում։ Նրանք ապագա չունեն»,-ասել է Պուտինը։

«Ակնհայտ է, որ մենք բախվել ենք խաղաղ մարդկանց կազմակերպված զանգվածային սպանության»,-նշել է ՌԴ նախագահը։

Նրա խոսքով՝ հանցագործները սառնասրտորեն գնացել են սպանելու, դիմահար գնդակահարելու ռուսաստանցիներին, ինչպես մի ժամանակ գործում էին նացիստները։

Ռուսաստանի նախագահը նշել է, որ Մոսկվայում և Ռուսաստանի մյուս տարածաշրջաններում մտցվել են լրացուցիչ հակաահաբեկչական և հակադիվերսիոն միջոցներ։

«Մոսկվայում և Մերձմոսկվայում, երկրի բոլոր տարածաշրջաններում մտցվել են հակաահաբեկչական և հակադիվերսիոն բնույթի լրացուցիչ միջոցներ։ Գլխավորն այժմ այն է, որ թույլ չտրվի նրանց, ովքեր կանգնած են այս արյունալի սպանդի հետևում, նոր հանցագործություն կատարել»,-ասել է նա։

«Մենք կպարզենք և կպատժենք յուրաքանչյուրին, ով պատրաստել է Ռուսաստանին ուղղված այս հարվածը... Բոլոր հանցակիցները պատիժ կկրեն։ Ով էլ որ լինեն։ Ով էլ որ նրանց ուղարկած լինի։ Մենք կպարզենք ու կպատժենք յուրաքանչյուրին, ով պատրաստել է Ռուսաստանին ուղղված այս հարվածը»,-ասել է Ռուսաստանի նախագահը։

Նա հայտնել է նաև, որ իշխանությունները պատրաստ են միավորել ջանքերը այլ երկրների հետ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում։ «Մեր պարտքն է՝ լինել միասին մեկ շարքում։ Ոչ ոք և ոչինչ չի կարող սասանել մեր համախմբվածությունն ու կամքը»,-նշել է ՌԴ նախագահը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը