Լրահոս

24.03.2024 18:14


Նոր Նորքի ոստիկանության բաժին են ներխուժել 3 անձինք, փորձել են նռնակներ պայթեցնել․ կան վիրավորներ (տեսանյութ)

Նոր Նորքի ոստիկանության բաժին են ներխուժել 3 անձինք, փորձել են նռնակներ պայթեցնել․ կան վիրավորներ (տեսանյութ)

24News-ի տեղեկություններով քիչ առաջ Նոր Նորքի ոստիկանության բաժին են ներխուժել 3 անձինք, ովքեր ունեցել են նռնակներ, կարծես թե փորձ է արվել նռնակները պայթեցնել:

Այս պահին այլ մանրամասներ պարզել չի հաջողվում:

Փորձեցինք կապ հաստատել ՆԳՆ ոստիկանություն, որտեղից նշեցին, որ այս պահին դեպքի վայր են մեկնում, մանրամասներ կարող են հաղորդել քիչ հետո:

Shamshyan.com-ն էլ հայտնում է, որ Նոր Նորքի բաժնի մոտ են հավաքվել մի խումբ քաղաքացիներ, հիմնականում Մարտական եղբայրության անդամներ, որոնք պահանջում են, որպեսզի ոստիկանները ազատ արձակեն իրենց համակիրներին, որոնց ըստ իրենց անօրինական կերպով բերման են ենթարկել ոստիկանություն։

Ոստիկանության շենքի բակում պայթյուն է տեղի ունեցել իսկ ևս 2 հոգի էլ մարտական նռնակները ձեռքերին պահանջում են բաղ թողնել համակիրներին, հակառակ դեպքում սպառնում են պայթեցնել նռնակները:

Ժամանել են մեծ թվով կարմիր բերետներ։ Կա վիրավոր։

***

Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքի տարածաքում տեղի ունեցած միջադեպից հետո «Շտապօգնություն» ՓԲԸ-ի բրիգադներից մեկը 2 քաղաքացու բեկորային վնասվածքներով տեղափոխել է բուժհաստատություն։

Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:

***

Այսօր՝ ժամը 17.00-ի սահմաններում, 3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2 հոգի վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից:

Մեկ հոգի այս պահին զինված շարունակում է մնալ ոստիկանության բաժնի դիմաց: Ձեռնարկվում են համապասխան աշխատանքներ՝ նրան վնասազերծելու համար:

***

ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենքից այսօր՝ մարտի 24–ին նռնակի գործադրումից տուժած և բուժհաստատություն տեղափոխված երկու քաղաքացիներն էլ ունեն ստորին վերջույթների բեկորային վնասվածներ։

Առողջապահության նախարարի մամուլի քարտուղարը NEWS.am-ին հայտնեց, որ նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։

***

Ոստիկանության Նոր Նորքի շենքի մոտ քիչ առաջ ժամանեցին ԱԱԾ հատուկ նշանակության ուժերը: Հատուկջոկատայինները զինված են սաղավարտներով և վահաններով:

Նշենք, որ նռնակով զինված տղամարդու հետ բանակցությունները շարունակվում են 2 ժամից ավելի:

Քաղաքացու հետ անձամբ բանակցում են ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը և Քրեական ոստիկանության պետ Վարդան Վարդանյանը:

***

ԱԱԾ հատուկջոկատայինները հենց նոր վնասազերծեցին նռնակով զինված անձին եւ բերման ենթարկեցին նրան:

Նշենք, որ հատուկ գործողության ժամանակ ԱԱԾ հատուկջոկատայինները ոստիկանության Նոր Նորքի բաժնի շենքի ներսից դուրս գալով վնասազերծեցին նռնակով զինված անձին:

ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը լրագրողներին հայտնեց, որ վնասազերծված տղամարդն այժմ ոստիկանության Նոր Նորքի շենքի ներսում է:

Նարեկ Սարգսյանը ասաց, որ առայժմ հստակ չի կարող ասել, թե ինչ էր պահանջում նռնակով զինված անձը:

Այս խորագրի վերջին նյութերը