Աշխարհ

26.03.2024 16:34


Սամարայի մարզում ԱԴԾ-ն ահաբեկչություն է կանխել մարդասիրական օգնության ընդունման կետում

Սամարայի մարզում ԱԴԾ-ն ահաբեկչություն է կանխել մարդասիրական օգնության ընդունման կետում

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) Սամարայի մարզում կանխել է ահաբեկչություն կամավորական կազմակերպության հումանիտար օգնության ընդունման կետում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ԱԴԾ Հասարակայնության հետ կապերի կենտրոնում։

Ըստ հրապարակման՝ ահաբեկչությունը նախապատրաստել էր մի ռուսաստանցի, որը Ռուսաստանում արգելված «Ռուսական կամավորական կորպուս» ահաբեկչական կազմակերպության անդամ է։ Նա ձերբակալվելիս մահացել է՝ իրեն պայթեցնելու հետևանքով։

«Սամարայի շրջանի տարածքում Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է ահաբեկչական գործողություն, որը պլանավորել էր 1994 թվականին ծնված ՌԴ քաղաքացի, ուկրաինական հատուկ ծառայությունների հովանու ներքո գործող «Ռուսական կամավորական կորպուս» ահաբեկչական կազմակերպության մասնակիցը»,-նշել են ԱԴԾ-ի Հասարակայնության հետ կապերի կենտրոնում։

Տղամարդը գործել է ցուցումով։

«Նա հանել է իր պատրաստած ինքնաշեն պայթուցիկ սարքը նախապես սարքավորված պահոցից, որպեսզի այն պայթեցնի կամավորական կազմակերպություններից մեկի մարդասիրական օգնության ընդունման կետի շենքում»,-նշել են ԱԴԾ-ում՝ հավելելով, որ չարագործին ձերբակալելիս տեղի է ունեցել ինքնապայթյուն, ինչի հետևանքով նա ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ։

«Անվտանգության մարմիների աշխատակիցները և քաղաքացիական անձինք չեն տուժել»,-հայտնել են ԱԴԾ-ում:

Հատուկ ծառայությունների տվյալներով՝ 2022 թվականից մինչև 2024 թվականը տղամարդը հրապարակայնորեն զբաղվել է Ռուսաստանի զինված ուժերի վարկաբեկմամբ։

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սամարայի մարզի քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել ահաբեկչական գործողության պատրաստման փաստով:

Այս խորագրի վերջին նյութերը