Տնտեսական

03.04.2024 16:58


ՀՀ-ն դիրքավորել որպես հաբ, որտեղ հատվում են թվայնացման գլոբալ գործընթացները. Doing Digital 2-րդ ֆորումը՝ Երևանում

ՀՀ-ն դիրքավորել որպես հաբ, որտեղ հատվում են թվայնացման գլոբալ գործընթացները. Doing Digital 2-րդ ֆորումը՝ Երևանում

Երևանում այսօր՝ ապրիլի 3-ին, մեկնարկել է երկրորդ «Doing Digital միջազգային ամենամյան ֆորումը՝ «Հնարավորություններին ընդառաջ» խորագրով, որի հիմնադիրն ու կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է:

Ֆորումի նպատակն է ներկայացնել ֆինանսական և բիզնեսի տարբեր ուղղություններում թվային փոխակերպման վերջին մոտեցումները, քննարկել առկա հնարավորություններն ու դրանց տեղայնացման առանձնահատկությունները, համաշխարհային տեխնոլոգիական և բիզնես հանրության շրջանում Հայաստանը դիրքավորել որպես թվային փոխակերպման նոր հարթակ՝ նպաստելով երկրի մրցունակության բարձրացմանը: Ֆինանսատեխնոլոգիական առաջատար ընկերություն Ամերիաբանկն արդեն երկրորդ տարին շարունակ ֆորումի կողքին է, այս անգամ՝ որպես ֆինթեք գործընկեր:

photo_2024-04-03 11.50.40.jpeg (177 KB)

Բացման խոսքով նախ հանդես եկավ Doing Digital Forum-ի հիմնադիր, SPRING PR-ի համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը: Վերջինս նշեց. «Իրապես մենք ապրում ենք սրընթաց փոփոխությունների, արագ զարգացումների, անսպասելի փոխակերպումների, և իհարկե, ֆանտաստիկ հնարավորությունների ժամանակաշրջանում: Doing Digital ֆորումը կայացավ, քանի որ թվայնացման օրակարգը այլևս գլոբալ հրամայական է, և մենք որպես էկոհամակարգի մաս թվային օրակարգը բերեցինք Հայաստան: Մենք մեր առջև դրել ենք հենց այդ նպատակը՝ Հայաստանը դիրքավորել որպես հաբ, որտեղ հատվում են թվայնացման գլոբալ գործընթացները, նորարական տեխնոլոգիաները: Մեր երկիրն ունի այդ ներուժը:

photo_2024-04-03 12.57.35.jpeg (104 KB)

Եթե նախորդ տարի մենք բացահայտում էինք թվային ապագան և գնում դրան ընդառաջ, ապա այս տարի այն արդեն այսօր է, մենք ապրում ենք ներկայում, մենք գիտակցում ենք, որ թվայինը հնարավորություն է, որին կարող ենք և գնում ենք ընդառաջ: Մենք այսօր կրկին կխոսենք փոփոխությունների մասին, փոփոխություններ, որոնք պետք է սկսել մտքից, և նոր իրականության ընկալումից»:

Իր հերթին Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն իր ելույթում ասաց. «Մարդու գոյության ընթացքում մեր ամեն հաջորդ քայլը որոշելիս մենք հետևել ենք բնության հուշումներին, իսկ ապագան չափել ենք սննդի հասանելիությամբ։ Երբ մենք սովորեցինք կուտակել ավելին, քան մեզ այդ պահին անհրաժեշտ է, ծնվեց ապագան՝ լի շահարկումներով, ուտոպիաներով, հակաուտոպիաներով։ Հիմա ես ուզում եմ ներկայացնել ապագայի վերաբերյալ իմ մտքերը՝ մասնավորապես մոտ ապագայում տնտեսական զարգացման և տեխնոլոգիական զարգացումների վերաբերյալ՝ դրանք նայելով թվայնացման լույսի ներքո։

Ես կարող եմ ասել, որ մեր թվային ապագան պայծառ է և հնարավորություններով լի։ Արհեստական բանականության, ռոբոտաշինության, հանրային բլոքչեյն տեխնոլոգիայի և այլ տարրերի միաժամանակ ի հայտ գալը շատ խոստումնալից են մարդկության ապագայի համար։ Սա կարող է կտրուկ արագացնել աճը, և արդյունքում տեխնոլոգիական զարգացումը կարող է դառնալ մարդու գերբնական ուժ»:

photo_2024-04-03 11.46.52.jpeg (53 KB)

ԿԲ նախագահի խոսքով, թեև ապագան շատ պայծառ է թվում, այդ պայծառ ապագային հասնելու ուղին դեռևս անհայտ է, և մենք այդ ճանապարհին սխալներ ենք գործելու. «Ծայրահեղ դեպքում գերմարդկային բանականությունը կարող է նույնիսկ մարդկությունն անգործունակ դարձնել։ Մենք պետք է թե՛ ողջունենք տեխնոլոգիական զարգացման ընձեռած հնարավորությունները, թե՛ փորձենք մեղմել դրանից առաջացող մարտահրավերները։ Կա հայտնի արտահայտություն՝ «ծրագրավորումը կարող է խժռել աշխարհը», և մենք մտահոգ ենք որ արդյունքում ամեն ինչ կարող է դառնալ ծրագիր։ Սակայն պայծառ թվային ապագան կախված է նրանից, թե որքանով մենք կկարողանանք հասնել գիտական առաջընթացի։ Մենք կանգնած են երկընտրանքի առջև՝ կա՛մ մեր ֆիզիկական էությունը հասցնում ենք տեղեկատվական տեխնոլոգիակաների զարգացման մակարդակին, կա՛մ գնում ենք լճացման՝ դրանից բխող վտանգավոր տնտեսական հետևանքներով»,-ասաց նա:

Մարտին Գալստյանն ընդգծեց, որ մեզ անհրաժեշտ են լուրջ ներդրումներ հիմնարար գիտությունների զարգացման համար, որոնք, ցավոք, վտանգավոր աստիճանի սակավ են. «Բացի, օրինակ, չիպերի ծրագրավորումից մենք պետք է էապես արդիականացնենք եղած ֆիզիկական ենթակառուցվածքները՝ էներգիայից մինչև տրանսպորտ, բնակարանաշինություն, առողջապահություն և հեռահաղորդակցություն։ Մենք պետք է վերանայենք՝ ինչպես ենք մենք շինարարություն անում, առողջապահական և կրթական ծառայություններ մատուցում։ Եթե մենք այս ամենն անտեսենք, արդյունքում կունենանք 21-րդ դարի ծրագրային ապահովում, բայց 19-րդ դարի ենթակառուցվածքներ և հաստատություններ, ինչի հետևանքով ավելի կմեծանա սոցիալական անհավասարությունը։

Ինչպես ասում են, հարուստ է ոչ թե այն երկիրը, որտեղ աղքատները լիմուզին են վարում, այլ այն երկիրը, որտեղ հարուստներն օգտվում են հանրային տրանսպորտից»:

Ըստ ԿԲ նախագահի, ակնկալվում է, որ արհեստական բանականության զարգացման համար պահանջվող էներգիայի ծավալներն առաջիկա 5 տարվա ընթացքում տարեկան 30-40%-ով ավելանալու են, սակայն էներգիայի խնդիրը երբեք չի հայտնվում առաջնահերթությունների ցանկում։

«Այսպիսի ապագան սաստկացնում է կլիմայի փոփոխության շուրջ մտահոգությունները, և հարց է առաջանում՝ որքանով էինք մենք հեռատես, երբ նվազեցրինք էներգիայի ավանդական տեխնոլոգիաների վրա ներդրումները առանց հուսալի այլընտրանքային տեխնոլոգիայի։ Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն ուղղակիորեն կապված է մեկ շնչին բաժին ընկնող էներգիայի սպառման հետ։ Հարուստները ավելի շատ էներգիա են ծախսում, իսկ արհեստական բանականության զարգացմանը զուգահեռ՝ էլ ավելի։

Բացի այդ, արդեն անդառնալի են թվացող բացասական ժողովրդագրական միտումներն ավելի են խճճում ողջ պատկերը։ Մի կողմից, բնակչության նվազող թվի դեպքում ավելի քիչ ենթակառուցվածքների կարիք կլինի։ Մյուս կողմից, եղած ենթակառուցվածքները հիմնականում հնացած են և արդիականացման կարիք ունեն՝ հաշվի առնելով ծերացող բնակչության առանձնահատկությունները»,-ասաց Մարտին Գալստյանը:

«Մեկ այլ հարց է աշխատանքի և կապիտալի տնտեսական գործոնների բաշխման դինամիկան և քաղաքական խոսույթի վրա դրա հնարավոր հետևանքները։ Եթե ենթադրենք, որ ռոբոտաշինությունը զարգանալու է աննախադեպ տեմպերով, ուրեմն արտադրողականությունը ևս աճելու է, սակայն արդյունքում կրճատվելու են արհեստագործական աշխատատեղերը՝ ստեղծելով էլ ավելի մեծ ճեղք կապիտալ ունեցողների և չունեցողների միջև։ Ուստի սա հղի է նաև գոյաբանական վտանգներով։

Ընդ որում, ենթակառուցվածքների արդիականացման համար պահանջվող միջոցները չեն կարող տրամադրվել միայն կառավարությունների կողմից, քանզի վերջիններս կուտակել են աննախադեպ չափերի պարտք և պետք է ապավինեն նաև մասնավոր կապիտալին ու հետևեն շուկայի պահանջներին։ Ամփոփեմ՝ թվային ապագան պայծառ ու գեղեցիկ է, սակայն այն ինքնուրույն չի ստեղծվում։ Դրան հասնելու համար մենք պետք է լուծումներ գտնենք երկընտրանքների ու բազմազան տարբերակների միջև՝ կիրառելով նորարարություն ու նպատակ ունենալով ստեղծել ավելի ներառական և արդար հասարակություն»,-հայտարարեց ԿԲ նախագահը:

Ֆորումին բացման խոսքով հանդես եկավ նաև Ամերիաբանկի Տաղանդների և ծառայությունների գծով տնօրեն Արմինե Ղազարյանը, ով նշեց. «Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս դահլիճում նստածներից յուրաքանչյուրին, ովքեր հավատում են, որ Հայաստանն ապրում է թվային ֆինանսների իր ոսկե շրջանը՝ իր ուժեղ մարդկային կապիտալով և ներուժով, քանի որ թվային փոխակերպումն ավելի շատ մարդկանց մասին է, քանի տեխնոլոգիաների։ Միայն տեխնոլոգիաներով հնարավոր չէ հասնել նպատակակետին։ Ապագան կանխատեսելու միակ ձևը այն ստեղծելն է։ Եվ ես հպարտորեն կարող եմ ասել, որ Ամերիաբանկը տարիներ շարունակ եղել է թվային փոխակերպման առաջամարտիկ։

Նախորդ տարի մենք հավակնոտ նպատակ դրեցինք Հայաստանը դարձնել ֆինանսական տեխնոլոգիաների տարածաշրջանային կենտրոն։ Այսօր կարող եմ ասել, որ Ամերիաբանկը ոչ միայն գնում է այս տեսլականի հետևից, այլև ավելի լայն հորիզոն է տեսնում։ Մենք փորձում ենք ինտեգրվել գլոբալ ֆինանսական տեխնոլոգիաների համակարգում։ Սակայն մինչ այդ պետք է ունենալ մի կարևոր հատկանիշ՝ քաջություն հավատալու սեփական ուժերին, ընդունելու թույլ կողմերը և անընդհատ աճելու թիմի հետ միասին։ Մենք փորձում ենք Հայաստանը դարձնել տեխնոլոգիայի և նորարարության նոր հանգրվան»:

Doing Digital Forum-ի ֆինթեք գործընկեր Ամերիաբանկի Մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը ևս համոզված է՝ թվային փոխակերպումը ոչ թե ցանկալի օրակարգ է, այլ՝ պարտադիր։

«Եվ այս ճանապարհը մենք սկսել ենք դեռ տարիներ առաջ։ Արդեն 7-8 տարի է, ինչ մենք այդ գործընթացում ենք։ Այն արդեն ունի կոնկրետ գործնական արդյունքներ։

Ամերիաբանկն արդեն ֆինթեք ընկերություն է»,-ասաց Արման Բարսեղյանը։

Նրա խոսքով՝ բանկի գործարքների 98 տոկոսն արդեն մասնաճյուղերից դուրս է կատարվում, տարբեր ծառայությունների վաճառքների կեսից ավելին թվային ուղիներով է արվում։ Ակնկալում են, որ մինչև տարեվերջ վաճառքների 60 տոկոսն արդեն մասնաճյուղերից դուրս կլինի։

Ինչ վերաբերում է վարկերին, Արման Բարսեղյանն ասաց, որ Ամերիաբանկի մանրածախ վարկերի, փոքր և միջին բիզնեսներին ուղղված վարկերի 90 տոկոսն այլևս թվային է։

«Մանրածախ վարկերի ընդամենը 5 տոկոն է դեռևս մնում թղթային բաղադրիչով։ Կարող ենք ասել, որ Ամերիաբանկն այլևս թվային բանկ է։

Թվային փոխակերպումը ոչ թե ցանկալի օրակարգ է, այլ՝ պարտադիր։ Հաջողության համար դա անհրաժեշտ չափանիշ է, թվային տեխնոլոգիաները չօգտագործելն ուղղակի անհնար է դարձնում այսօրվա արագ փոփոխվող աշխարհում հաջողության հասնելը»։

photo_2024-04-03 11.41.48.jpeg (133 KB)

3 (3)

Նշենք, որ Doing Digital Forum-ն այս տարի ներկայանում է նոր դեմքերով և թեմաներով՝ հյուրընկալելով ոլորտի համաշխարհային թոփ խոսնակներին և առաջատար փորձագետներին։ Ֆորումի գլխավոր խոսնակը հայտնի ֆուտուրիստ, բանկինգի նոր հայեցակարգի և բեսթսելերներ դարձած մի շարք գրքերի (Bank 2.0, Bank 3.0, Breaking Banks, Bank 4.0, The Rise of Technosocialism) հեղինակ Բրեթ Քինգն է։

Նա նորարարության, ֆինանսական ծառայությունների և թվային փոխակերպման փորձագետ է, վերջին տարիներին ամենապահանջված խոսնակներից մեկն աշխարհում։ Քինգը CNN, CNBC, BBC, ABC, Fox, Bloomberg և այլ առաջատար ԶԼՄ-ների ֆինթեք մեկնաբան է, բանկերի, կարգավորող և պետական կառույցների թվային փոխակերպման խորհրդատու: DDF24-ը նրան Հայաստանում հյուրընկալելու և ունկնդրելու բացառիկ հնարավորություն է ընձեռում:

Առաջատար խոսնակների ելույթների, պանելային քննարկումների, միջազգային փորձի ուսումնասիրման ձևաչափերով DDF24-ը կշոշափի այնպիսի թեմաներ, ինչպիսիք են թվային փոխակերպումները տնտեսության և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում, ֆինանսական նոր տեխնոլոգիաները, ապագայի բանկինգը, տաղանդների ներգրավումը, արհեստական բանականության կիրառությունները, ինչպես նաև թվային փոխակերպման հաջողված նախաձեռնությունների ներկայացումն ու փորձի փոխանակումը։

Անդրադարձ կլինի նաև կրիպտոարժույթներին, տվյալների պաշտպանության ու կիբերանվտանգության ռիսկերի կառավարմանը և այլ մարտահրավերներին դիմագրավելուն:

Doing Digital Forum-ը բոլոր նրանց համար է, ովքեր հետաքրքրված են թվային փոխակերպմամբ, դրա ներդրմամբ ու թվային տնտեսության զարգացմամբ:

Երկրորդ տարին անընդմեջ միջազգային Visa ընկերությունը ֆորումի ինովացիոն գործընկերն է, հայկական Apricot Capital-ը՝ ներդրումային գործընկերը, Fastex-ը՝ բլոկչեյն գործընկերը։ DDF24-ի տեխնոլոգիական գործընկերը Ucraft-ն է, ԱԲ գործընկերը՝ Hoory-ն։ ArCa-ն ֆորումի ազգային գործընկերն է։ DDF24-ի հյուրընկալության ոլորտի գործընկերն է «Երեմյան Փրոջեքթս»-ն՝ իր Լիվինգսթոն ռեստորանով: Seven Visions Hotels-ը ևս գործընկերների ցանկում է:

Միջոցառման ինֆորմացիոն գործընկերը NEWS.am Tech-ն է:

DDF24-ը հյուրընկալում է ավելի քան 20 խոսնակի աշխարհի տարբեր անկյուններից, ովքեր ներկայացնում են ՀՀ կառավարությունը, Կենտրոնական բանկն ու Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը, Սինգապուրի սոցիալական գիտությունների համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Visa, Deloitte, ICDT Global, Moven, Just Better, People Growth Organization, SPRING PR, Ameriabank, ArCa, Ucom, Balchug Capital, Apricot Capital, Fastex, Ucraft և Hoory ընկերությունները։

Այս խորագրի վերջին նյութերը