Լրահոս

05.04.2024 17:47


Մեր անհամաձայնությունն ենք հայտնում միակողմանի զիջումների պարտվողական տրամադրությանը․ հայտարարություն

Մեր անհամաձայնությունն ենք հայտնում միակողմանի զիջումների պարտվողական տրամադրությանը․ հայտարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ապրիլի 4-ին Իջևան քաղաքում կայացավ համատավուշյան հավաք, որին մասնակցեցին Տավուշ աշխարհի բոլոր շրջաններից։

Հանդիպման ընթացքում քննարկվեց Տավուշի մարզից ռազմավարական նշանակության տարածքների` Ադրբեջանին միակողմանի զիջելու մասին գործող իշխանությունների ծրագիրը։ Ակնհայտ է, որ Տավուշի շրջանում միակողմանի զիջումները հանգեցնելու են ՀՀ ողջ անվտանգային համակարգի փլուզմանը, վտանգելու են ռազմավարական նշանակության ենթակառուցվածքները` նոր սպառնալիքներ ստեղծելով Հայոց պետության համար։

Առանց սահմանազատման և սահմանագծման սկզբունքների շուրջ վերջնական և համալիր համաձայնության ու փոխադարձության սկզբունքի պահպանման` հատվածական սահմանազատումն ու սահմանագծումը ամբողջությամբ բխում է Ադրբեջանի շահերից։

Ուստի այս հայտարարությամբ մեր անհամաձայնությունն ենք հայտնում միակողմանի զիջումների պարտվողական տրամադրությանը։ Միաժամանակ դիմում ենք պետական բոլոր այրերին և զինվորականներին, հիշեցնելով, որ Հայաստանի ինքնիշխան տարածքները հանձնելը, իշխանության վերազանցությամբ ընդունված ապօրինի որոշումների կատարումը պետության դեմ ուղղված ծանր հանցագործություններ են։

Ակնհայտ է, որ մեզ պարտադրվող զիջումներին կարող ենք դիմագրավել միակամությամբ և համազգային հակազդեցության դրսևորմամբ։

Ուստի այս իրավիճակում յուրաքանչյուր հայ մարդու դիրքորոշման արտահայտումը և տավուշեցու կողքին կանգնելը պահի հրամայականն է։

Կոչով դիմում ենք ՀՀ բոլոր քաղաքացիներին և սփյուռքի հայրենակիցներին. սա միայն Տավուշ աշխարհի կամ տավուշցու հարցը չէ, սա ողջ հայ ժողովրդի և Հայոց Պետականության խնդիրն է։ Վճռական այս պահին միահամուռ կերպով կանգնենք պետական շահի, հայկական բանակի և տավուշեցու կողքին ու միասին թույլ չտանք մեզ պարտադրվող նոր կործանարար զիջումները։

«ՏԱՎՈՒՇԸ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ» ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Այս խորագրի վերջին նյութերը