Աշխարհ

09.04.2024 18:51


Գիտնականները հայտնաբերել են քայլելու էվոլյուցիայի բացակայող օղակը

Գիտնականները հայտնաբերել են քայլելու էվոլյուցիայի բացակայող օղակը

375 միլիոն տարվա վաղեմություն ունեցող ձկան բրածոյի մասին նոր տեղեկություններով գիտնականները բացահայտել են կմախքի հատկությունների էվոլյուցիան: Այդ հատկությունները ժամանակակից կենդանի արարածների նախնիներին օգնել են դուրս գալ ջրից:

ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները պարզաբանել են, որ, նախքան առանցքային կմախքի լողակներից ոտքերի էվոլյուցիան, կմախքն ինքը (ներառյալ գլխի, պարանոցի, մեջքի և կողերի ոսկորները) ենթարկվել է փոփոխությունների: Հենց դրանք էլ ի վերջո օգնել են առաջին քայլող արարածներին՝ ուղղահայաց պահել սեփական մարմինը ցամաքում շարժվելիս:

Հետազոտող թիմն ավարտել է չորքոտանի ողնաշարավորների ամենամոտ ցեղակիցներից մեկի՝ տիկտաալիկ (Tiktaalik roseae) ձկան բրածոյի կմախքի նորովի վերականգնումը: Այն ցույց է տալիս, որ ձկան կողերը, ամենայն հավանականությամբ, ամրակցված են նրա կոնքին: Այս նրբերանգն էլ որոշիչ է դարձել մարմին ուղղահայաց պահելու և քայլելու հնարավոր էվոլյուցիայի համար։

Օրգանիզմը պատկերացնելու համար հետազոտողները օգտագործել են միկրոհամակարգչային տոմոգրաֆիա (micro-CT). նրանք սկանավորել են քարացուկները և հայտնաբերել ձկների մնացուկներում գտած բացակայող ողերն ու կողերը:

Գիտնականները վերականգնման արդյունքներն ու կից տեսանյութը զետեղել են Proceedings of the National Academy of Sciences-ում:

Սկանավորումներն օգնեցին պատկերացում կազմել, թե ինչպես է արարածը շարժվել: Ի տարբերություն ձկների մեծամասնության, որոնց ողերն ու կողերը մարմնի երկայնքով միատեսակ են, ողնաշարավորների առանցքային վերջույթների կմախքները ցույց են տալիս ողնաշարի և կողերի կտրուկ տարբերություններ գլխի շրջանից մինչև պոչի շրջան:

Սրբոսկրի շրջանում կողերը կցված են կոնքին, որն ապահովել է մարմնի հենարանը հետևի վերջույթներով։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը