Աշխարհ

15.04.2024 12:49


Ֆրեզնոյում հրկիզել են «Արարատ» գերեզմանատունը, որտեղ հուղարկավորված են Սողոմոն Թեհլիրյանը, Վիլյամ Սարոյանը

Ֆրեզնոյում հրկիզել են «Արարատ» գերեզմանատունը, որտեղ հուղարկավորված են Սողոմոն Թեհլիրյանը, Վիլյամ Սարոյանը

Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում գտնվող «Արարատ» հայկական գերեզմանատունը հրկիզվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է FOX26 NEWS-ը։

Գերեզմանատան խորհուրդը շատ մտահոգված է, որ բոլոր միջադեպերը ատելության նպատակաուղղված հանցագործություններ են:

«Ինչպես կարող եք պատկերացնել, սա ահավոր վրդովվեցուցիչ է իմ տնօրենների խորհրդի, հայ համայնքի, իմ անձնակազմի և ինձ համար: Մեր առաքելությունն է կարեկցանքով ծառայել հայ ընտանիքներին իրենց կարիքի պահին՝ վառ պահելով նաև այստեղ թաղվածների հիշատակը: Խորհուրդը, իմ աշխատակազմը և ես շատ լուրջ ենք վերաբերվում այս առաքելությանը»,-ասել է գերեզմանատան տնօրեն Շերի Մենինգ-Քարթրայթը՝ չբացառելով, որ հրկիզումը կապված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա՝ ապրիլի 24-ի հետ։

Այս գերեզմանատանը հանգչում են բազմաթիվ հայ ականավոր գործիչներ, այդ թվում՝ Սողոմոն Թեհլիրյանը, Վիլյամ Սարոյանը, Վիկտոր Մաղաքյանը և այլոք։

Նշվում է, որ ուրբաթ գիշերը ութ ծառ է այրվել հայկական գերեզմանատան գլխավոր մուտքի մոտ։ Ֆրեզնոյի ոստիկաններն ու հրշեջները շտապ ժամանել են, սակայն ձերբակալություններ չեն եղել։

Հրդեհը գրանցվել է 1885 թվականին հիմնադրված գերեզմանատան ամենահին հատվածում։

Նախնական տվյալներով՝ ծառերի փոխարինումը 25 հազար դոլար կարժենա։ Ադմինիստրացիան վստահ չէ, որ ապահովագրությունը կփակի ծախսերը։

Այս խորագրի վերջին նյութերը