Լրահոս

25.04.2024 15:09


Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունը վերապրած տատիկների պատմությունը

Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունը վերապրած տատիկների պատմությունը

Ռուս լրագրող, մեդիամենեջեր Մարգարիտա Սիմոնյանն իր տելեգրամյան ալիքում պատմել է մեծ տատիկի պատմությունը, որի աչքի առաջ 1915 թվականին դաժանաբար սպանել են բոլոր հարազատներին:

«Աշխարհում ինչքան մարդ կա, այդքան հիմարի տեսակ կա։ Սա ասում էր իմ սիրելի նենեգան՝ նախատատ Նարտուհի Ներսեսյանը։ Նա գրել-կարդալ չգիտեր, բայց սովորեցրեց ինձ աղոթել, վախենալ Աստծուց և չվախենալ մարդկանցից։ Գրեթե բոլոր մարդկանցից՝ բացառությամբ նրանցից, որոնք ձեռքին յաթաղան ունեն։ 1915-ին նրա աչքի առաջ յաթաղանով կտրեցին ծնողների, եղբայրների ու քույրերի գլուխները։

Ավագ, ամուսնացած քույրը խուսափել է բռնաբարությունից՝ նետվելով Տրապիզոնի բարձր կետից ու խեղդվել։ Մեծ մայրս՝ Նարտուհին և նրա կրտսեր քույրը՝ Ալիսան, ողջ են մնացել. փոքր քրոջս անունը հետագայում կոչեցին ի պատիվ նրա։ Մահից առաջ նրանց հայրը հասցրել է մի կտոր ոսկի տալ, որը տատս թաքցրել է։ Նրանց երկուսին՝ կապուտաչյա, բաց մազերով երեխաներին, վերցրել են թուրքական ընտանիքները. գեղեցիկ աղջիկներին ողջ էին թողնում՝ ամուսնացնելու համար։ Նրանք մեծացել են թուրքական ընտանիքում, մինչ նենեգային գտել են ողջ մնացած հարազատները և օգնել փախչել Ղրիմ։ Այդպես իմ ընտանիքի հայրական ճյուղը բնակվել է ռուսական Ղրիմում։ Ինչ է կատարվել նենեգայի քրոջ՝ Ալիսայի հետ, մենք տեղեկություն չունենք»,-գրել է նա։

Մարգարիտա Սիմոնյանը նշել է, որ իր մյուս նախատատը Ցեղասպանության ժամանակ հինգ տարեկան է եղել:

«Երբ յաթաղաններով զինված մարդիկ եկել են նրանց տուն, ծնողները նրան փաթաթել են գորգի մեջ ու հենել պատին: Աղջիկն այսպես կանգնել է ու լսել՝ ինչպես են սպանում իր հարազատներին: Իսկ ընտանիքներն այն ժամանակ շատ մեծ էին, ուստի նա շատ երկար է կանգնել, նրան այդպես էլ չեն նկատել:

Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։ Նենեգա, ես հիշում եմ քո կոշտ ձեռքերը, քո օսլայած վարագույրները, քո սխալ ռուսերեն խոսքը և այն ամենն, ինչ դու ինձ ասել ես։ Եվ ես ոչ ոքի թույլ չեմ տա, որ մոռանա»,-գրել է Սիմոնյանը։

Աղբյուրը՝ alphanews.am

Այս խորագրի վերջին նյութերը