Հարցազրույց

18.05.2024 08:51


ՌԴ-ի հետ կոնֆլիկտը կա՛մ ծայրահեղ անմտություն է, կա՛մ դավաճանություն. Ասլան Ռուբաև (տեսանյութ)

ՌԴ-ի հետ կոնֆլիկտը կա՛մ ծայրահեղ անմտություն է, կա՛մ դավաճանություն. Ասլան Ռուբաև (տեսանյութ)

Քաղաքագետ Ասլան Ռուբաևը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է հայ-ռուսական հարաբերությունները, Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, Հայաստանի մերձեցումն Արևմուտքի հետ և ինչպես է Մոսկվայում ընկալվել Հայաստանի կողմից Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ֆինանսավորման դադարեցումը:

Փորձագետի խոսքով՝ եթե Ռուսաստանի նախագահն ասել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները կայուն են, ապա այդպես էլ կա։

«Պուտինը գնահատել է, որ Փաշինյանի հետ հանդիպումը դրական բնույթ է կրել, նրանք հրաժեշտ են տվել դրական նոտայով։ Այս փուլում Ռուսաստանի նախագահը Հայաստանի հետ մեր հարաբերությունները կայուն է անվանել։ Փաշինյանն իր հակառուսական հռետորաբանության մեջ առայժմ դանդաղեցրել է տեմպը։ Բայց ես նրան չեմ վստահում, անկեղծ ասած։ Պուտինն, ըստ երևույթին, հարկ է համարում այժմ լսել իրեն։ Եթե այս փուլում Ռուսաստանի նախագահն ասել է, որ հարաբերությունները կայուն են, և այնտեղ ճակատարգրական ոչինչ չկա, երևի առայժմ այդպես էլ կա»,-ասել է Ռուբաևը։

Քաղաքագետի կարծիքով՝ սխալ կլինի, որ Հայաստանը կրակի իր ոտքին, դուրս գա ՀԱՊԿ-ից կամ քննադատի ԵԱՏՄ-ին։

«Լավ է, որ Փաշինյանը եղել է Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին, այսինքն՝ Հայաստանին մենք ԵԱՏՄ-ում չենք կորցնում, Հայաստանը շահագրգռված է գտնվել այդ կազմակերպությունում։ Եվ Ռուսաստանի համար կարևոր է, որ ԵԱՏՄ-ն համալրվի անդամներով, այլ ոչ թե նվազի։ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունն ավելացել է 2,5 անգամ, և դա հիանալի է։ Դրա համար էլ՝ ոտքին կրակելը, ՀԱՊԿ-ից դուրս գալը կամ ԵԱՏՄ-ից դուրս գալը սխալ կլիներ։ Նման քայլը, ինչպիսին ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումն է, իհարկե, բացասական է գնահատվում»,-նշել է Ռուբաևը։

Փորձագետի խոսքով՝ Արևմուտքից Հայաստանը կյանքում երբեք որևէ անվտանգություն չի ստանա։

«Ինձ թվում է, որ Փաշինյանն ինքը երբեք չի առաջնորդվել ազգային շահով, քանի որ Հայաստանում ցանկացած քաղաքական գործիչ հասկանում է՝ Ռուսաստանի հետ կոնֆլիկտը, որը վերահսկում է երկաթուղիների մի մասը, տնտեսության մի զգալի մասը, հայկական անվտանգության ոլորտը, կա՛մ ծայրահեղ անմտություն է, կա՛մ դավաճանություն։ Ես հակված եմ երկրորդին, որ դա դավաճանություն է, որովհետև Փաշինյանը կոնսուլտացիաներ Է անում Արևմուտքի հետ։ Ո՞ր ադեկվատ քաղաքական գործիչը կարող է օգնություն խնդրել ամերիկացիներից, ֆրանսիացիներից կամ եվրոպացիներից: Նախ, նրանք շատ հեռու են, և երկրորդ՝ նրանք ուղղված են միայն մեկ բանի՝ «բաժանիր և տիրիր», որպեսզի կոնֆլիկտ լինի։ Ես եզրակացնում եմ՝ ինչ պայմանագիր էլ մենք կնքենք Փաշինյանի հետ, միևնույն է, դրանք բոլորը կյանքի չեն կոչվի, քանի որ առաջին իսկ զանգով՝ Փարիզից, Բրյուսելից կամ Վաշինգտոնից, նա անելու է այն, ինչ իրեն կասեն։ Նա երբեք չի անի այն, ինչ անհրաժեշտ է Հայաստանին, նրա բարգավաճման, անվտանգության և կայունության համար։ Իսկ Արևմուտքի համար Հայաստանը միայն գործիք է։

Երբ Պուտինը հանդիպում է ինչ-որ մեկի հետ, նա գիտի, թե ինչ է տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը։ Նա իր կյանքում երբեք ոտք չի դրել ազգային ինքնության կոկորդին։ Նա Հայաստանն ընկալում է որպես բացարձակ սուբյեկտային պետություն՝ իրենց ազգային շահով։ Դա Պուտինի ազգային բնավորության մեջ է։ Նա հավասարը հավասարի պես նստում է և հավասարը հավասարի պես երկխոսություն է վարում։ Բայց իմ կյանքում երբեք չեմ տեսել, որ ամերիկացիներն ու եվրոպացիները խոսեն հավասար պայմաններում: Ուստի Արևմուտքից Հայաստանի համար կյանքում երբեք ոչ մի անվտանգություն չի լինի, այլ կլինի միայն պատերազմ»,-եզրափակել է Ռուբաևը։

Այս խորագրի վերջին նյութերը