Աշխարհ

19.05.2024 19:06


Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել (տեսանյութ)

Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել (տեսանյութ)

Իրանական լրատվամիջոցները հայտնում են երկրի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կոշտ վայրէջքի մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է IRNA-ն, Էբրահիմ Ռայիսիին և նրան ուղեկցող մի խումբ պաշտոնատար անձանց տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Արևելյան Ատրպատական նահանգի Բրազին և Արդեշիր գյուղերի միջև ընկած տարածքում:

Աղբյուրի տվյալներով՝ ուղղաթիռում են գտնվել նաև Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեին Աբդոլլահիանը, նահանգապետ Մալիք Ռահմաթին և մի խումբ բարձրաստիճան հոգևորականներ ու պաշտոնյաներ:

Վթարի վայր են մեկնել փրկարարական խմբեր, որոնց աշխատանքներին խոչընդոտում են վատ եղանակային պայմաններն ու թանձր մառախուղը:

Ինչպես հայտնի է, Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին մայիսի 19-ին Արևելյան Ատրպատական նահանգ էր մեկնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մասնակցելու երկու երկրների սահմանին՝ Արաքսի վրա կառուցված ամբարտակի բացմանը:

***

Լայնածավալ որոնողափրկարարական գործողություն է իրականացվում այն բանից հետո, երբ ուղղաթիռը, որում գտնվել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, հարկադրված Է եղել «կոշտ վայրէջք» կատարել Իրանի հյուսիս-արևմուտքի լեռնային շրջանում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով IRNA-ին:

Պատահարը տեղի է ունեցել մայիսի 19-ին Արևելյան Ատրպատական նահանգի Վարզական և Ջուլֆա քաղաքների միջև գտնվող Դիզմար անտառում, երբ Իրանի նախագահը վերադառնում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ամբարտակի բացման միջոցառումից:

Բնակիչները IRNA-ի թղթակցին պատմել են, որ որոշ ժամանակ առաջ այդ շրջանում «ձայներ» են լսել:

Ավելի քան քսան լիովին հագեցած որոնողափրկարարական խմբեր են ուղարկվել շրջան, այդ թվում ՝ անօդաչու թռչող սարքեր և որոնողափրկարարական շներ:

Իրանի զինված ուժերը գործի են դրել նաև կոմանդոսի և հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումներ ՝ որոնողական գործողությանն աջակցելու համար:

Տարածաշրջանի խորդուբորդ տեղանքի և բարդ եղանակային պայմանների, հատկապես այդ տարածքում խիտ մառախուղի պատճառով որոնողափրկարարական գործողությունը կարող է որոշ ժամանակ տևել:

Իրանի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը IRNA գործակալությանը հայտնել է, որ տարածաշրջան է ուղարկվել շտապօգնության ութ մեքենա՝ հավելելով, որ ուժեղ մառախուղը անհնար է դարձրել օդից փրկարարական աշխատանքները:

Բաբակ Յեկտապարաստը նշել է, որ շտապ բժշկական օգնության թիմերը, որոնք բաղկացած են տեխնիկներից և բժիշկներից, դեպքի վայր են ուղարկվել միջադեպի մասին հաղորդումից անմիջապես հետո:

Նա հավելել է, որ օգնություն ցուցաբերելու համար ուղարկվել է նաև արտակարգ իրավիճակների ծառայության ուղղաթիռ, սակայն ուժեղ մառախուղի պատճառով ստիպված է եղել հետ շրջվել, քանի որ չի կարողացել վայրէջք կատարել այդ տարածքում:

***

Իրանի փրկարար ջոկատները պարզել են նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի գտնվելու վայրը, որը մայիսի 19-ին կոշտ վայրէջք է կատարել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է Tasnim-ը, նախագահ Ռայիսիին և նրան ուղեկցող անձանց տեղափոխող ուղղաթիռի վթարի ճշգրիտ վայրը գտնվում է Օզի գյուղի մոտ, որը գտնվում է Արևելյան Ատրպատական նահանգի հյուսիս-արևմտյան հատվածում գտնվող Արասբարանի անտառում:

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ տարածքի բարդ ռելիեֆը և մառախլապատ եղանակը խոչընդոտել են փրկարարական աշխատանքներին։

Իրանի պետական ​​հեռուստատեսության հետ հեռախոսազրույցում ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին հաստատել է, որ նախագահի ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել:

Նախարարը հայտնել է, որ դեպքի վայր են մեկնել փրկարարական ջոկատներ։

Այս խորագրի վերջին նյութերը