Աշխարհ

23.05.2024 11:23


Բիշքեկի քաղաքապետարանի աշխատակիցներին արգելվել է երեքշաբթի և հինգշաբթի օրերին ավտոմեքենա վարել

Բիշքեկի քաղաքապետարանի աշխատակիցներին արգելվել է երեքշաբթի և հինգշաբթի օրերին ավտոմեքենա վարել

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկի քաղաքապետարանի և մունիցիպալ այլ կառույցների աշխատակիցներին արգելվել է երեքշաբթի և հինգշաբթի օրերին օգտվել անձնական մեքենաներից։ Համապատասխան փաստաթուղթը ստորագրել է Բիշքեկի քաղաքապետ Այբեկ Ջունուշալիևը։

Այժմ շաբաթը երկու անգամ նրանք պետք է տեղաշարժվեն հասարակական տրանսպորտով, վերահսկեն փոխադրամիջոցների սրահներում սանիտարական չափանիշների պահպանումը և ուղևորների սպասարկման որակը: Քաղաքապետարանի ներկայացուցիչները ծառայողական մեքենաներից պետք է օգտվեն միայն անհրաժեշտության դեպքում, հայտնում է 24.kg-ը։

Միջոցառումը ձեռնարկվել է խցանումները նվազեցնելու, ինչպես նաև ավտոբուսների և միկրոավտոբուսների նկատմամբ վերահսկողությունը խստացնելու նպատակով։

Կատարված աշխատանքների մասին պետք է զեկուցեն ենթակա ստորաբաժանումների ղեկավարները:

Քաղաքապետարանը հաստատել է այս տեղեկությունը և բացատրել, թե ինչու են ընտրվել երեքշաբթի և հինգշաբթի օրերը. հենց այս օրերին է նկատվում երթևեկության ամենամեծ ինտենսիվությունը Բիշքեկում։ Այս օրերին անձնական և ծառայողական մեքենաների օգտագործման սահմանափակումների ներդրումը կնպաստի նաև հասարակական տրանսպորտի պահանջարկի ավելացմանը, ինչը կխթանի տրանսպորտային համակարգի զարգացումը և կնվազեցնի մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի քանակը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը