Մեկնաբանություն

03.06.2024 12:52


Ադրբեջանամետ «թաղապետի» հակահայկական արկածներն Ուկրաինայում

Ադրբեջանամետ «թաղապետի» հակահայկական արկածներն Ուկրաինայում

ՔՊԿ–ական Տիգրան Ավինյանը քաղաքապետ դարձավ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար, մասնագիտությամբ Վազգեն Սարգսյանի եղբայր աշխատող Արամ Զավենովնայի ու «Հանրային ձայնի» շնորհիվ։

Երևանի ավագանիում ֆորմալ կոալիցիա կազմեցին Նիկոլ Փաշինյանի ՔՊԿ–ն ու Զավենովնայի «Հանրապետությունը»։ Վերջինիս փայ հասան մի շարք պաշտոններ, այդ թվում՝ վարչական շրջանի ղեկավարի, այսպես ասած, թաղապետի։ «Թաղապետերից» մեկը՝ Տիգրան Տեր–Մարգարյանը, Նոր Նորքն է ներկայացնում։ Սրան մենք չէինք անդրադառնա, եթե իր տիրոջ՝ Զավենովնայի պես աչքի չընկներ ադրբեջանամետ ու հակահայկական դիրքորոշմամբ, այն էլ՝ Ուկրաինայի Բուչա քաղաքում։

Ուրեմն սույն Տիգրանն իր հետ օգնություն է տարել Բուչա և իր գլխից մեծ հայտարարություններ արել հայ–ուկրաինական և ռուս–ուկրաինական հարաբերությունների մասով՝ ձեռքի հետ հերթական քայլը կատարելով հայ–ռուսական հարաբերությունների փչացման ուղղությամբ։

Նոր Նորքի «թաղապետը», որն իր տարածքում Զավենովնայի շրջապատի բիզնես շահերն է առաջ մղում, քիթը մտցրել է ռուս–ուկրաինական հակամարտության մեջ և պաշտպանել Ուկրաինային՝ Ռուսաստանին ներկայացնելով որպես ագրեսոր։ Եվ դա այն դեպքում, երբ հայ–ադրբեջանական հարաբերություններում Ուկրաինան միշտ հանդես է եկել Ադրբեջանի օգտին, օգնել է վերջինիս 44–օրյա պատերազմի ժամանակ՝ ֆոսֆորային զենք մատակարարելով, և շնորհավորել է Ադրբեջանին հաղթանակի կապակցությամբ։

Սույն «թաղապետին» որևէ մեկը չի տեսել, օրինակ, Տավուշի ու Լոռվա մարզերում օրերս տեղի ունեցած բնական աղետից տուժածների կողքին, բայց ահա մենք տեսնում ենք, որ Զավենովնայի սույն կուսակիցը օգնություն է հասցնում Հայաստանի դեմ թշնամական վերաբերմունք ունեցող Ուկրաինային։

Հայ–ռուսական հարաբերությունների փչացումը ձեռնտու է բացառապես ՀՀ թշնամիներին։ Զավենովնայի կուսակիցն, ըստ այդմ, ադրբեջանամետ վարքագիծ է դրսևորել Բուչայում՝ Ռուսաստանին ագրեսոր անվանելով։ Արևմուտքը Վրաստանում չի կարողանում, բայց Հայաստանում կարողանում է անցկացնել այն գիծը, համաձայն որի՝ սեփական երկիրը պետք է դնել Արևմուտք–Ռուսաստան հակամարտության զոհասեղանին և դառնալ հակառուսական մանրադրամ։

Հարց է առաջանում, թե արդյոք քաղաքապետի լիազորություններն ապօրինաբար ստանձնած Տիգրան Ավինյանի՞ խաղն է սա, թե՞ Արամ Զավենովնան Նիկոլի «պասով» մանրադրամային քաղաքականություն է վարում իր կուսակցի միջոցով։ Բայց դե դրանք արդեն դետալներ են։ Գլխավորն այն է, որ Հայաստանում իշխանությունը գտնվում է հակահայկական ուժերի ձեռքում և դրանք ներկայացված են բոլոր մակարդակներում՝ կառավարությունից մինչև «թաղապետարաններ»։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը