Աշխարհ

03.06.2024 16:33


Եգիպտոսի կառավարությունը հրաժարական է տվել

Եգիպտոսի կառավարությունը հրաժարական է տվել

Եգիպտոսի կառավարությունը հրաժարական է տվել. երկրի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսին վարչապետ Մուստաֆա Մադբուլիին հանձնարարել է ձևավորել նախարարների նոր կաբինետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է նախագահի գրասենյակը։

Ըստ հաղորդագրության՝ հունիսի 3-ին նախագահ աս Սիսին ընդունել է Մադբուլիին, որը նախագահին է փոխանցել կառավարության հրաժարականի դիմումը։

«Նախագահը Մադբուլիին հանձնարարել է նոր կառավարություն ձևավորել բարձր որակավորում ունեցող, իրազեկ և փորձառու անձանց մասնակցությամբ՝ հասնելու բազմաթիվ նպատակների»,-նշված է հաղորդագրության մեջ։

Նպատակների շարքում թվարկվում է երկրի ազգային անվտանգությունը՝ հաշվի առնելով տարածաշրջանային և միջազգային մարտահրավերները, Եգիպտոսի քաղաքացիների համար կարևոր ոլորտներին առաջնահերթություն տալը, մասնավորապես՝ առողջապահության և կրթության ոլորտներին, ահաբեկչության դեմ պայքարը և այլն:

Ապրիլի սկզբին աս Սիսին սկսել է Եգիպտոսի նախագահի պաշտոնում իր երրորդ ժամկետը: Մադբուլին վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականից։

2023 թ. դեկտեմբերին 69-ամյա աս Սիսին համոզիչ հաղթանակ է տարել նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 89,6 %-ը։ Նրա նոր ժամկետը պաշտոնապես սկսվել է ապրիլի 3-ին։ Նա նախագահի պաշտոնում կգտնվի մինչև 2030 թվականը։

Աս Սիսին Եգիպտոսի նախագահ էր ընտրվել 2014 թ․ ընտրություններում հաղթանակ տանելուց հետո, որոնք անցկացվել էին Մուհամեդ Մուրսիի և իսլամիստական ​«Մուսուլման եղբայրների» պաշտոնանկությունից մեկ տարի անց: 2018 թ. աս Սիսին վերընտրվել էր երկրորդ ժամկետով։ 2019 թ․ ապրիլին Եգիպտոսում անցկացվել է հանրաքվե, որի արդյունքում ընդունված ուղղումներն աս Սիսիին հնարավորություն են տվել առաջադրվել նոր ժամկետի համար, իսկ նախագահական լիազորությունների ժամկետը չորսից դարձրել է վեց տարի։

Այս խորագրի վերջին նյութերը