Աշխարհ

06.06.2024 13:13


Իրավիճակը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում մնում է բարդ և ավելի վատանալու միտում ունի. Շոյգու

Իրավիճակը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում մնում է բարդ և ավելի վատանալու միտում ունի. Շոյգու

ՀԱՊԿ անդամ երկրների համար անմիջական սպառնալիք է ՆԱՏՕ-ի շարունակվող ընդլայնումը։ Այդ մասին հինգշաբթի Ալմաթիում կայացած հանդիպման ժամանակ ՀԱՊԿ-ի իր գործընկերներին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, գրում է rg.ru-ն:

Նրա խոսքով՝ դաշինքի ռազմական ներկայությունն ավելանում է հավաքական անվտանգության գոտու հյուսիսային և արևմտյան սահմաններում և նոր սպառազինության համակարգեր են տեղակայվում։

«Օդային տարածքում սադրանքների թիվն աճում է, բազմաթիվ զորավարժություններ են անցկացվում, այդ թվում՝ ներխուժում ՀԱՊԿ երկրների տարածք»,-նշել է Շոյգուն։

Այս առումով, նրա կարծիքով, կարևոր է ՀԱՊԿ շրջանակում զարգացնել ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը։

«Ռուսաստանը կշարունակի անել հնարավորը ՀԱՊԿ շրջանակում արդյունավետ համագործակցությունը բարելավելու և զարգացնելու համար, նպաստելու կազմակերպության բոլոր անդամ երկրների հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների խորացմանը և դրանով իսկ ապահովելու մեր ընդհանուր անվտանգությունը»,-ընդգծել է Շոյգուն։

Նա նաև նշել է, որ իրավիճակը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում մնում է բարդ։ Ավելին, այն ավելի վատանալու միտում ունի։ Դրա հիմնական պատճառներից մեկը Շոյգուն նշել է արևմտյան երկրների՝ առաջին հերթին ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Եվրամիության քաղաքականությունը, որն ուղղված է միջազգային անվտանգության համակարգի ոչնչացմանը։

«Ակնհայտ փորձ է արվում եվրասիական տարածաշրջանը վերածել աշխարհաքաղաքական առճակատման ասպարեզի, այդ նպատակին հասնելու համար օգտագործվում է միջոցների ամենալայն զինանոցը, այդ թվում՝ ուղղակի միջամտություն անկախ պետությունների ներքին գործերին, քաղաքական ճնշումը, շանտաժը, սպառնալիքները, անօրինական պատժամիջոցներ և այլ մեթոդներ»,-հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը