Կարծիք

07.06.2024 19:11


Պարոն Սարաֆյան, պետք է զուսպ լինել և չփորձել ներկայանալ որպես Սփյուռքի ինքնահռչակ վարչապետ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյան

Պարոն Սարաֆյան, պետք է զուսպ լինել և չփորձել ներկայանալ որպես Սփյուռքի ինքնահռչակ վարչապետ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյան

Բաց նամակ իմ վաղեմի ծանոթ ՍԴՀԿ ներկայիս ատենապետ Համբիկ Սարաֆյանին

Մեծարգո պարոն Սարաֆյան,

Երբեք չպիտի ցանկանայի հրապարակային բանավեճի մեջ մտնել Ձեզ հետ, բայց այն, ինչ տեսա և լսեցի օրեր առաջ Հանրային հեռուստաընկերության եթերում` Պետրոս Ղազարյանի հետ Ձեր հարցազրույցի ընթացքում, ուղղակի ապշեցրեց ինձ և ստիպեց նույն հրապարակային ձևով արձագանքել:

Ավելի քան հուսախաբված եմ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հասցեին Ձեր հնչեցրած անհիմն մեղադրանքներից ու վերագրումներից: Դժվար էր պատկերացնել, որ Դուք Սուրբ Էջմիածնի մասին մասնավորաբար կասեիք, թե. «Մայր Աթոռը ազգը միավորող կառույց պետք է լինի, ոչ թե իշխանություն տենչացող մի խմբավորման աջակից»:

Տպավորությունս այն է, որ մանկության շրջանին բացակայել եք Հայ ժողովրդի և Եկեղեցու պատմության դասերից, երբ մենք ոգևորությամբ սերտում էինք Սուրբ Էջմիածնի միավորիչ դերի մասին մեր ուսուցիչների ոգեշնչող պատմությունները:

Ցանկանում եմ հավաստիացնել, որ այսօր էլ Եկեղեցու առաքելության մեջ ոչինչ չի փոխվել և Սուրբ Էջմիածինը շարունակում է իր միավորող առաքելությունը` միավորում և համախմբում` հանուն հայրենիքի, հանուն պետության և հանուն հայ ժողովրդի բարoրության:

Առավել մեծ էր անակնկալն ինձ համար, երբ Ձեր շուրթերից լսեցի հետևյալ խոսքերը. «Մենք, մեր կուսակցությունը պայքարել է Հայաստանի ազատագրության համար, բայց այսօր իրավիճակն այլ է: Ունենք ներկա Հայաստան և նրա բարօրությունը վեր է ամեն ինչից»:

Անտարակույս, ՍԴՀԿ-ն անմնացորդ նվիրումով իր մեծ բաժինն է ունեցել Հայաստանի Ազատագրության Սրբազան պայքարին և դեռ շարունակելու է ունենալ անկասկած:

Երբ Նազարբեկյանն իր ընկերներով, Ժնևում հիմնադրում է ՍԴՀ Կուսակցությունը, իրենց մտքով անգամ չէր անցնում որ կգա մի օր, երբ իրենց իսկ ստեղծած կուսակցությունը կունենա մի ղեկավար-ատենապեր, ով անցյալով կարտահայտվեր կուսակցության` Հայաստանի Ազատագրության պայքարի մասին: ՍԴՀ Կուսակցությունը երբեք չի ստեղծվել մի ժամանակահատվածի համար:

Երբ կախաղան էին բարձրացնում Հնչակյան 20 անմահներին, նրանցից ոչ մեկը կասկած չուներ, որ իրենցից յուրաքանչյուրը պիտի դառնար ցորենի հատիկ, որոնք ընկնելով պարարտ հողի մեջ` իրենց կյանքը զոհաբերելով, ծնունդ պիտի տային մեկի փոխարեն հազարավորների, որոնք բոլոր ժամանակներում, պիտի պայքարեին Հայաստանի ազատագրության համար:

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցությունը ոչ թե «պայքարել է Հայաստանի ազատագրության համար» այլ պայքարել է, պայքարում է և դեռ պայքարելու է: Այլապես, եթե համարենք, թե «պայքարել է» Հայաստանի ազատագրության համար, ապա Ձեր առաքելությունը ավարտին է հասել: Փակեք Ձեր դռներն ու անցեք պատմության գիրկը:
Հայաստանի ազատագրության ավարտը չի որոշվում Հայաստանի` անկախ պետականություն ունենալով: Ազատագրության պայքարը նոր թափ և ուղի է ստանում անկախ Հայաստանով: Պետք է ազատագրել Հայաստանը վաղվա փորձանքներից ու փորձություններից: Պետք է ազատագրել Հայաստանը վաղվա հազարավոր զոհերից: Պետք է ազատագրել Հայաստանը թշնամու կողմից պետականությանը հասցվող վնասներից: Պետք է Հայաստանն ու պետականությունը պահել կատարյալ առողջ վիճակով: Իսկ Դուք, վերոնշյալների համար չե՞ք ուզում պայքարել:

Պարոն Սարաֆյան, Դուք մասնագիտությամբ բժիշկ եք, ստուգում եք հիվանդին, հայտնաբերում խնդիրներ, բացատրում խնդիրների պատճառն ու հետևանքները: Ինձ մոտ տպավորությունն այն է, որ երբ հիվանդը դիմում է հնարավոր բոլոր միջոցների ու պայքարում հիվանդությունից ձերբազատվելու համար` խիստ նեղանում եք:

Հաջորդ միտքը, որ շատ գեղեցիկ է հնչում, Ձեր Էջմիածնասեր լինելն է: Այո´, ՍԴՀԿ-ն իր ավելի քան հարյուր տարիների պատմության ընթացքում եղել է Սուրբ Էջմիածնի դիրքերի և հեղինակության պաշտպանը: Այդպիսին էիք նաև Դուք, Ձեր կյանքի ինչ-որ ժամանակահատվածում: Սակայն այն վարքագիծը, որը դրսևորում եք վերջին տարիներին, այլևս տեղ չի թողնում մտածելու, որ Դուք մեր ճանաչած Համբիկ Տիգրանի Սարաֆյանն եք, այլ նույն անուն, հայրանուն ու ազգանուն ունեցող մի անձ, ով ոչ թե պաշտպանն է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հեղինակության, այլ զինված է այլ գաղափարախոսությամբ:

Պարոն Սարաֆյան, ինչպես ասում են` համեստ լինելը լավ բան է: Դուք ապրում եք մի երկրում, որտեղ կան տասնյակ հայկական կազմակերպություններ, որոնք բոլորն էլ պայքարում են հայ մնալու համար: Պետք է նկատած լինեիք, որ այդ կազմակերպությունների մեջ ամենամեծը (առանց որևէ մեկին նվաստացնելու) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին է, ով կարող է հանդես գալ Սփյուռքը ներկայացնելու ամենալեգիտիմ մանդատով: Հետևաբար, պետք է զուսպ լինել և չփորձել ներկայանալ որպես Սփյուռքի ինքնահռչակ վարչապետ:

Եվ վերջում`

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գմբեթից

Դար է եկել ու վարկյանի պես անցել

Հիմի էլ հերթը քոնն է. նայիր նրան ու…

Հ.Գ. Պարոն Սարաֆյան, եթե Աստված ավելի երկար կյանք պարգևեր բազմավաստակ ու նվիրյալ Հնչակյան կուսակցության մարտիկներից` Ձեր հանգուցյալ հայրիկին` Տիգրան Սարաֆյանին և հետևեր Ձեր հարցազրույցին, վերջում Ձեզ հարցնելու էր. «Տղաս, այս ինչե՞ր ես խոսում»:

Արարատ եպիսկոպոս Գալթագճյան
Սուրբ Էջմիածին 07.06.2024 թ.

Այս խորագրի վերջին նյութերը