Մեկնաբանություն

19.11.2011 01:04


Ո՞վ կարժանանա Գևորգ Դանիելյանի ճակատագրին

Ո՞վ կարժանանա Գևորգ Դանիելյանի ճակատագրին

Եթե հիշում եք, անցած տարի Արդարադատության նախարարին աշխատանքից հեռացրեցին այն բանի համար, որ նախարարության կառուցվածքի մեջ մտնող ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանն, ըստ մամուլի հրապարակումների, իր աշխատասենյակում ծեծել էր ենթականերից մեկին։ Այսինքն՝ պատժվեց ոչ թե ծեծողը, այլ նրա վերադասը՝ Գևորգ Դանիելյանը (ով ծեծի, ով գնա «սանատորիա»)։

Ինչպես հայտնի է, համանման մեկ այլ իրավիճակում Գագիկ Բեգլարյանը հրաժարական տվեց Երևանի քաղաքապետի պաշտոնից։ Ասել է թե՝ գործ ունենք նախագահական նստավայրի կողմից երկակի ստանդարտների կիրառման հետ։ Մի դեպքում Մ. Պողոսյանի արածը հանդուրժելի էր և ընդունելի, իսկ Գ. Բեգլարյանի արածը՝ ոչ։

Օրերս Սյունիքի մարզպետը «Մարիոթ–Արմենիայում» հարձակվել էր գործարար կին Սիլվա Համբարձումյանի վրա։ Շատերի համար հետաքրքիր էր, թե ինչ որոշում կկայացնի Սերժ Սարգսյանը և արդյոք Լիսկան հերթական անգամ կմարսի՞ իր «քաջագործությունը»։

Դատելով իրադարձությունների զարգացումներից և Սերժ Սարգսյանի պահվածքից՝ Սուրեն Խաչատրյանի վարքը գնահատվել է հանդուրժելի և ընդունելի, ինչը նշանակում է, որ Լիսկայի պահով, ամենայն հավանականությամբ, կկիրառվի միհրանպողոսյանական տարբերակը։ Դե եթե այդպես է, ուրեմն պետք է ընդամենը պարզել, թե մարզպետի վերադասն ով է և ըստ այդմ էլ եզրակացնել, թե ում է սպասվում Գևորգ Դանիելյանի ճակատագիրը։

Ըստ ՀՀ Սահմանադրության՝ մարզպետները նշանակվում և ազատվում են կառավարության որոշմամբ, իսկ կառավարության այդ որոշումները վավերացվում են Հանրապետության նախագահի կողմից։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը