Քաղաքական

13.06.2024 10:33


Պետությունը բուժհաստատություններին 3 մլրդ դրամ պարտք ունի. Անահիտ Ավանեսյանի հերթական ձախողումը. «Ժողովուրդ»

Պետությունը բուժհաստատություններին 3 մլրդ դրամ պարտք ունի. Անահիտ Ավանեսյանի հերթական ձախողումը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ քաղաքական դաշտը կենտրոնացել է «Սրբազան շարժման» վրա, այլ ոլորտներում աղետալի վիճակ է։ ԱԺ-ում 2023 թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ պարզվեց, որ պետությունը բուժհաստատություններին պետպատվերի դիմաց մոտ 3 մլրդ դրամ պարտք ունի։ Նաև սա է եղել պատճառը, որ ժամանակին մի շարք բուժհաստատություններ չեն կարողացել վճարել իրենց աշխատակիցների աշխատավարձերը, որովհետև պարզապես չեն ֆինանսավորվել. իսկ չեն ֆինանսավորվել, որովհետև Նիկոլ Փաշինյանն ու Անահիտ Ավանեսյանը, հանուն սեփական PR-ի, որոշել են պետպատվերի ծրագրում փոփոխություններ կատարել՝ առանց հնարավորություններն ու ռիսկերը հաշվի առնելու։

Նախկին նախարար Արսեն Թորոսյանը, օրինակ, ԱԺ-ում հարցրեց ֆինանսների նախարարին, թե «բժշկական հաստատությունները չեն վճարել աշխատավարձերը ժամանակին, որովհետև չեն ֆինանսավորվել։ Անցյալ տարի էլ է որոշ տեղերում նման իրավիճակ եղել, մի երկու-երեք ամիս ուշացում է եղել, հետո տնօրենները տեսչական մարմինների կողմից տուգանվել են շատ մեծ թվերով. տնօրեններն անձամբ տուգանվել են աշխատավարձ չտալու համար, թեև չէին կարող տալ, որովհետև չէին ֆինանսավորվել»,–ասել է նա։ Վահե Հովհաննիսյանն էլ հայտարարեց, թե իրենք ռիսկերի մասին տեղեկացրել են, բայց պարզվում է՝ նախարարության նախազգուշացումներին որևէ մեկը «բանի տեղ չի դրել». «Թույլատրելի շեղումներ են, բայց մենք պետք է նայենք մեր հնարավորությունների տեսանկյունից՝ հասկանալու համար, թե ինչպես պետք է այս համակարգը գործի, որ հավելյալ անսպասելի ֆինանսական պարտականություններ չառաջանան մեզ համար»:

Անահիտ Ավանեսյան նախարարի ձախողումների մասին բազմիցս ենք խոսել, փաստեր ներկայացրել. սա նրա հերթական ձախողումն է, երբ անգամ ֆինանսների նախարարության գործընկերների նախազգուշացումները հաշվի չեն առել, ու արդյունքում ահռելի պարտք է կուտակվել: Բուժհաստատությունները ֆինանսավորում չեն ստացել, ինչի արդյունքում չեն կարողացել վճարել աշխատավարձեր։ Անահիտ Ավանեսյանն էլ, ստացվում է, ոլորտից գլուխ չի հանում և մտնում է մի ծրագրի տակ, որը ռիսկային է։ Կամ էլ, միգուցե, ոլորտից գլուխ հանում է, բայց քանի որ Նիկոլ Փաշինյանի PR-ի համար պետք են պոպուլիստական ծրագրեր, այդքան կամք կամ ցանկություն չունի՝ հակադրվելու և խնդիրների մասին խոսելու։ Ամեն դեպքում նախարարի պաշտոնում Ավանեսյանի «երկարակեցության» գաղտնիքը Փաշինյանին ոչ մի դեպքում չառարկելն ու նրան անվերապահորեն ծառայելը, ակտիվ կուսակցական լինելն է՝ շատերի կարծիքով։

Իսկ արդյունքում՝ տուժում է պետությունը, տուժում է առողջապահական ոլորտը, որովհետև Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը որոշել են աննախադեպ երևալ, ձևացնել, թե մարդկանց ծառայում են, բայց իրականում՝ խնդիրներ ստեղծում»։

Այս խորագրի վերջին նյութերը