Լրահոս

13.06.2024 13:37


Բաղրամյան պողոտայից ձերբակալվել է նաև «Աշոտ երկաթը»

Բաղրամյան պողոտայից ձերբակալվել է նաև «Աշոտ երկաթը»

Երեկ՝ հունիսի 12-ին, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումների ժամանակ ոստիկանները ձերբակալել են նաև ազատամարտիկ Աշոտ Մինասյանին՝ «Աշոտ երկաթին»։ Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, NEWS.am-ին հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

Փաստաբանի խոսքով երեկ ձերբակալված բոլոր քաղաքացիները զանգվածային անկարգություների կասկածանքով են ձերբակալվել:

«Երեկ՝ նախքան ձերբակալման որոշում կայացնելը ոստիկանական բաժիններում մենք այցելել ենք քաղաքացիներին: Աշոտ երկաթը Ոստիկանության Էրեբունու բաժանմունքում էր»,-հավելեց Ռուբեն Մելիքյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 12-ին Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ակցիայից հետո հանցանք կատարելու կասկածով ձերբակալված անձանց թիվը հասել է 28–ի։ Այս մասին NEWS.am-ին հայտնել էր փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«6 անձ Էրեբունու ոստիկանական բաժնում են, 12–ը` Կենտրոնի, 10-ը` Նոր Նորքի։ Նրանց թվում է նաև Հաղարծնի վանահայր Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանը, որին բռնության են ենթարկել, ճղել են նրա սքեմը»,-ասել էր նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Բաղրամյան պողոտայում հավաքի ժամանակ Ոստիկանության մեծաքանակակ աշխատակիցներ բիրտ ուժ են կիրառել հավաքի մասնակիցների նկատմամբ: Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել, որի հետեւանքով բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, մի քաղաքացու ձեռքն է կտրվել: Տուժել են նաեւ լրագրողներ. Լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով NEWS.am-ի օպերատորը ստացել է ոտքի կոտրվածք: Առողջապահության նախարարության տվյալներով, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան:

Այս խորագրի վերջին նյութերը