Կարծիք

22.06.2024 10:42


Վրաստանի իշխանությունները պատրաստվում են սենսացիայի՞. արմատապես փոխե՞լ իրենց հարաբերություններն ԱՄՆ-ի հետ

Վրաստանի իշխանությունները պատրաստվում են սենսացիայի՞. արմատապես փոխե՞լ իրենց հարաբերություններն ԱՄՆ-ի հետ

Վրացական քաղաքական դաշտում հերթական ռումբը պայթեց, այդ երկրի իշխանությանը մոտ կանգնած «Ժողովուրդի ուժը» կուսակցությունը հայտարարել է, որ «ժամանակն է եկել վերանայելու Վրաստանի և ԱՄՆ-ի փոխհարաբերությունները»:

Հիշեցնենք, որ այս կուսակցությունը հիմնվել է Սոզար Սուբարիի գլխավորությամբ, 2022-ի օգոստոսին, մի շարք գործիչների կողմից, որոնք դուրս եկան իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից, որպեսզի կարողանան հայտարարել այն, ինչ դեռ չեն հայտարարում Իվանիշվիլու թիմակիցները: Այդ տեսանկյունից Սոզար Սուբարիին համեմատում են Ռուսաստանի օրինակով Ժիրինովսկու հետ, ով երբեմն հայտարարում էր այն, ինչ մտածում, բայց չէին հայտարարում ռուսաստանյան իշխանությունները:

Ի դեպ, նշենք, որ Սուբարին, Վրաստանի ազդեցիկ գործիչներից է, ով զբաղեցրել է տարբեր պաշտոններ: Սաակաշվիլու կառավարման ժամանակ զբաղվել է վրացի փախստականների օգնությամբ, հետո եղել այդ երկրի մարդու իրավունքների պաշտպանը: Ի դեպ, նրա մայրը հայուհի է:

2022-ի օգոստոսին այս թիմը դուրս եկավ «Վրացական երազանքից», որպեսզի կարողանա համարձակորեն ասել այն, ինչ մտածում է Իվանիշվիլու թիմը, բայց հրապարակավ դեռ չի արտահայտվում:

Եվ ահա, երկու օր առաջ, այս ուժը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «Եկել է ժամանակը, երբ Վրաստանը պիտի վերանայի իր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, ով միջամտում է երկրի ներքին գործերին»:

Մասնավորապես, «Ժողովրդի ուժը» կարծում է, որ «…Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանը շոշափել է թեմաներ, որոնք ուղղակիորեն կապված են Վրաստանի ինքնիշխանության և անկախության հետ…»:

ԱՄՆ-ը դեսպանը դժգոհել էր Չինաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների խորացումից՝ նշելով, թե իբր Չինաստանը ֆինանսավորում է Ռուսաստանին, Ռուսաստանը Վրաստանի տարածքների օկուպանտ է, ինչպես կարելի է խորացնել տնտեսական կապերը այդպիսի երկրի հետ:

Վրացական այս կուսակցությունը հետևյալ ձևով է պատասխանել ԱՄՆ դեսպանի այս քննադատությանը. «Եթե Չինաստանը ֆինանսավորում է Ռուսաստանին, իսկ Ռուսաստանն այժմ պատերազմ է վարում Ուկրաինայում և գրավում նրա տարածքները, ինչո՞ւ է ԱՄՆ-ն ամեն տարի խորացնում տնտեսական հարաբերությունները Չինաստանի հետ։ Եթե ​​Չինաստանի հետ հարաբերությունները վտանգավոր են ու սպառնալից, ապա ինչո՞ւ է Եվրամիությունը ստեղծում ու խորացնում իր տնտեսական ու քաղաքական շփումները, իսկ ԵՄ երկրները նույնն անում են ինքնուրույն՝ միությունից դուրս»։

Սակայն դա քիչ էր, Սոզար Սուբարիի քաղաքական ուժը հետևյալ մեղադրանքով է հանդես գալիս ամերիկացիների հարցեին.«…Այսօր Վրաստանում նույնիսկ փոքրիկ երեխան գիտի, որ Սահակաշվիլին և նրա գործակալների բանդան Վրաստանի դեմ ամենաբարդ առաջադրանքներն են կատարել՝ օկուպացիան հրահրելու համար։ 2008-ի օգոստոսյան այս իրադարձություններից հետո էր, որ Ռուսաստանը կոչվեց «օկուպանտ», իսկ ԱՄՆ-ն՝ ռազմավարական գործընկեր, որը հետագա տարիներին քիչ թե շատ հաջողությամբ օգտագործվեց քարոզչության և հասարակական կարծիքի սարսափ ստեղծելու համար…»։

Սուբարիի կուսակցության կարծիքով 2008-ի պատերազմը հրահրել էին ամերիկացիները, որպեսզի դրանից հետո ԱՄՆ-ն հավերժորեն իր վերահսկողության տակ վերցներ Վրաստանը՝ երկիրը փորձելով դարձնել «մանրադրամ» Մոսկվայի հետ հարաբերություններում: Ամենից էականն այն է, որ այսօր դրա մասին արդեն հրապարակայնորեն է հայտարարվում:

Եվ ամենակարևորը, վերջում այդ քաղաքական ուժը կոչով դիմում է Վրաստանի իշխանություններին՝ վերանայել Վաշինգտոնի հետ հարաբերությունները, «ռազմավարական հարաբերությունների» մակարդակը իջեցնելով, «ռազմավարական երկխոսության» մակարդակի:

Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են: Կարծում ենք, հայ քաղաքական գործիչները պիտի դասընթացներ անցնեն Սոզար Սուբարիի մոտ, թե ինչպես կառուցել սեփական երկրի հարաբերությունները այլ երկրների հետ, որպեսզի դրանից չտուժի պետության շահը: Մանավանդ, որ Փաշինյանի իշխանությունը այս տարվա նոյեմբերին, պատրաստվում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, «ռազմավարական երկխոսությունից», բարձրացնել մինջև «ռազմավարական հարաբերության», այսինքն, Հայաստանում Փաշինյանը պատրաստվում է անել այն, ինչից վրացիները փորձում են հրաժարվել, քանի որ ըստ իրենց՝ դրանից առավելապես տուժեց իրենց երկիրը:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը