Կարծիք

27.06.2024 16:40


Իվանիշվիլին ևս 30 մլն է խոստացել Վրաստանի հավաքականին՝ Իսպանիայի նկատմամբ հաղթանակի դեպքում

Իվանիշվիլին ևս 30 մլն է խոստացել Վրաստանի հավաքականին՝ Իսպանիայի նկատմամբ հաղթանակի դեպքում

«Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին շնորհավորել է Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին՝ Եվրոպայի առաջնությունում Պորտուգալիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ։

Միևնույն ժամանակ, Բիձինա Իվանիշվիլու նախաձեռնությամբ 1/8 եզրափակչում Իսպանիայի հետ խաղում հաղթանակ տանելու և հաջորդ փուլ դուրս գալու դեպքում Վրաստանի հավաքականը որպես պարգև կստանա լրացուցիչ ևս 30 մլն լարի (ավելի քան 10 մլն դոլար)։ Նախկինում նա թիմին 30 մլն էր խոստացել՝ խմբից դուրս գալու համար։

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության խմբային փուլի երրորդ խաղում Վրաստանը պատմական հաղթանակ տարավ՝ 2։0 հաշվով հաղթելով Պորտուգալիայի հավաքականին ու դուրս գալով 1/8-րդ եզրափակիչ։ Հանդիպման առաջին գոլը խաղի մեկնարկից հետո, երկրորդ րոպեին խփեց Խվիչա Կվարացխելիան, իսկ երկրորդը՝ երկրորդ խաղակեսում, 11 մետրանոցից խփեց Գեորգի Միկուտաձեն։

«Դա մի գիշեր էր, որը երկար կապրի հազարավոր երկրպագուների հիշողություններում, ովքեր այնտեղ էին պատմության ականատես լինելու համար: Ռոնալդուի կարիերայում առաջին դեպքն էր, երբ նա չկարողացավ գոլ խփել խոշոր մրցաշարի խմբային փուլում»,-գրում է The Guardian-ը:

«Պորտուգալիայի հավաքականի պարտությունը Վրաստանից հսկայական ցնցում էր Եվրո-2024-ում»,-այսպես գնահատեց The New York Times-ը վրացիների հաջողությունը Եվրոպայի առաջնությունում։

Թերթի կարծիքով վրացիները փայլուն խաղ ցույց տվեցին, սակայն իսպանացիների հետ խաղում անչափ դժվար կլինի կրկնել այդ հաղթանակը:

«Դա կլինի անչափ դժվար՝ դիմակայելով մրցաշարի միակ թիմին, որն ունի 100 %-անոց արդյունք: Բայց նրանք կփորձեն ևս մեկ հեղաշրջում իրականացնել»,-գրում է The New York Times-ը։

Հիշեցնենք, որ հունիսի 30-ին Վրաստանը 1/8-րդ եզրափակչում կհանդիպի Իսպանիայի հետ։

Մեր կողմից շնորհավորենք մեր վրացի բարեկամներին այսպիսի հաջողության առթիվ: Նշենք, որ ֆուտբոլում հաղթանակի հասնելը, հնարավոր չէր լինի, եթե այդ երկրում չլիներ մեծ հավատ իրենց երկրի հեռանկարի հանդեպ:

Իսկ նման հավատը, առանց խելամիտ իշխանության նույնպես հնարավոր չէ:

Ահա թե ինչու, վրացական ֆուտբոլի հաջողության մեջ իր մեծ լուման ունեն նաև այդ երկրի իշխանությունները:

Ինչպես ասում են՝ տարոսը մեզ, սակայն դրա համար անհրաժեշտ է լուծել երկու խնդիր. հեռացնել այս խայտառակությանը իշխանությունից և ձևավորել իրավամբ լուսավորչական ազգային-դեմոկրատական իշխանություն:

Դրանից հետո Հայաստանի հաջողությունները բոլոր բնագավառներում կդառնան բնական երևույթներ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը