Աշխարհ

21.11.2011 11:42


Վահե Սարգսյան. «Վրացական իշխանությունների այս քայլը ոչ միայն հակահայկական է, այլև` հակամարդկային»

Վահե Սարգսյան. «Վրացական իշխանությունների այս քայլը ոչ միայն  հակահայկական է, այլև` հակամարդկային»

Մեծարգո պարոն Նախագահ, վրացական իշխանությունների կողմից Ջավախքում իրականցվող հակահայ քաղաքականությունը, մերթընդմերթ ստանալով անձնավորված երանգ` հասավ նաև մեր ընտանիքին: Սույն ուսումնական տարվա սկզբին Ջավախքի Ղադո գյուղի բազային դպրոցից հեռացվեց մայրս` ուղիղ 30 տարվա վաստակավոր ուսուցչուհի Վարդուհի Մուրադյանը: Վերջինս տնօրենի բանավոր թույլտվությամբ սեպտեմբերի 1-12-ը հարգելի պատճառով բացակայել էր աշխատանքից` չգտնվելով երկրում (Վրաստանի դպրոցներում ուսումնական տարին սկսվել է սեպտեմբերի 15-ին), վերադառնալով` վերջինիս տնօրենը հեռացնում է աշխատանքից:

Պարոն Նախագահ, բոլոր հիմքերն ունեմ` վստահեցնելու Ձեզ, որ մորս հեռացումը կապված է իմ` Ջավախքի ուղղությամբ Երևանում իրականացվող վերլուծական-քաղաքական աշխատանքների հետ: Այս կարծիքին է նաև դպրոցի տնօրեն Լ. Դավթյանը, որին, իր խոսքերով, ուղղակի ստիպել են գրելու հեռացման հրամանը: Փաստենք, որ նույն դպրոցում նույն օրերին բացակայել են ևս երկու ուսուցիչներ (իսկ շրջանում` տասնյակի հասնող), սակայն վերջիններս անգամ նկատողություն չեն ստացել և հանգսիտ աշխատում են:

Մորս աշխատանքի վերականգնման խնդրանքով, օգտագործելով իրենց անձնական և ծառայողական կապերը, արդարացիորեն միջամտել են տասնյակ հասարակական գործիչներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ և անձամբ ինքը` ՀՀ ԿԳՆ Ա. Աշոտյանը: Սակայն վրացական կողմի համար ցանկացած հայահալած քայլ հազարապատիկ ավելի կարևոր է, քան հարևան-բարեկամ երկրի բարձրաստիճան պաշտոնյայի որևէ արդարացի խնդրանք:

Մեծարգո Նախագահ, վստահեցնում եմ Ձեզ, որ վրացական այս քայլը ոչ միայն  հակահայկական է, այլև` հակամարդկային, քանի որ ուժերի ծաղկման շրջանում գտնվող Ջավախքի լավագույն մանկավարժի (իմ մայրը, բացի մանկավարժությունից, չի զբաղվել որևէ այլ, օրինակ, հասարակական աշխատանքով, իսկ նրա աշակերտները հարյուրներով ավարտել են ՀՀ լավագույն բուհերը, դարձել փայլուն մասնագետներ, 3-ը` որպես գիտնական, աշխատում են ներկայումս Գերմանիայում, 1-ը` ՀՀ-ում) ապօրինի հեռացումը և աշակերտներին ուղղակի զրկելը բարձրակարգ կրթություն ստանալուց` այլ կերպ չեմ կարող որակել:

Մեծարգո Նախագահ, մայրս շատերի նման չի լքել Հայրենի Ջավախքը, նա հերոս կին է, մաթեմատիկայի բնագավառի նվիրյալ մանկավարժ: Ուստի` որպես համայն հայության շահերի պաշտպան` հարկ համարեցի այս ամենը փոխանցել Ձեզ` ակնկալելով, որ առաջիկայում Ձեր միջամտությունը չի ուշանա:

Հարգանքներով`

«Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ,

պ.գ.թ. Վահե Սարգսյան

Այս խորագրի վերջին նյութերը