Քաղաքական

29.06.2024 08:47


Սովորական դասալքություն. մինչև 2018-ը կենսագրություն չունեցած ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանն արտոնյալ է. «Ժողովուրդ»

Սովորական դասալքություն. մինչև 2018-ը կենսագրություն չունեցած ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանն արտոնյալ է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ արտաքին գործերի նախարարի երիտտեղակալ Վահան Կոստանյանը պաշտոնի նշանակվել է 2023 թվականի հունվարի 27-ին՝ Փաշինյանի հրամանով։ Կոստանյանի կենսագրությունն ուսումնասիրելիս նկատում ենք, որ նա մինչեւ 2018 թվականի հեղափոխությունը ոչնչով չի զբաղվել։ Կոստանյանի աշխատանքային կարիերան սկսվում է 2018 թվականից հետո, սակայն ծովում գտնվող նավի պես ճոճվում է ոլորտից ոլորտ։

Օրինակ՝ Վահան Կոստանյանը 6 տարվա ընթացքում 8 պաշտոն է փոխել․ սկզբում ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական, ապա ՀՀ առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ, ՀՀ ԱԺ նախագահի օգնական, հետո՝ խորհրդական, ՀՀ ԱԳ նախարարի օգնական, ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ։

Վահան Կոստանյանի՝ 2023 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի համաձայն՝ նա անշարժ գույք չի հայտարարագրել, սակայն որպես տրանսպորտային միջոց հայտարարագրել է 2018 թվականին ձեռք բերած, 2009 թվականի արտադրության Toyota մակնիշի մեքենա։

Փոխնախարարի բանկային հաշիվների մնացորդները կազմել են գրեթե 5 մլն դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 80 հազար դրամ։ Փոխնախարար Վահան Կոստանյանի տարեկան եկամուտները կազմել են 14 մլն 813 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 4 մլն 515 հազար դրամ։

Հավելենք, որ 2018 թվականի հուլիսի 19-ին ՀՀ կառավարության որոշմամբ՝ Վահան Կոստանյանին ընձեռնվեց 3 տարով ակադեմիական տարկետման իրավունքից օգտվելու հնարավորություն՝ ասպիրանտուրայում ուսանելու համար, որից հետո նա նշանակվեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական, և հետո՝ ԱԺ նախագահի խորհրդական։ Բայց, համաձայն կառավարության որոշման, Վահան Կոստանյանը Ազգային ժողովում նույնպես գիտությամբ պետք է զբաղվեր, և եթե սահմանված ժամկետում չպաշտպաներ թեկնածուական ատենախոսությունը, պիտի բանակ գնար:

2021 թվականի ապրիլի 16-ին, սակայն, բանակից ազատման տարկետման ժամկետը լրանալուց 3 ամիս առաջ՝ Վահան Կոստանյանն ընդհանրապես ազատվեց պարտադիր զինվորական ծառայությունից, բայց արդեն հիվանդության պատճառով՝ 54 հոդվածի «Բ» կետով, որից հետո՝ մայիսին, իր դիմումի համաձայն՝ նա ազատվեց նաև ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ասպիրանտուրայից։

Այսինքն՝ Վահան Կոստանյանը արտոնյալ է․ օգտվելով իր պաշտոնական կապերից՝ սովորական դասալքություն դրսևորեց: Մինչդեռ 2018 թվականի հեղափոխական լոզունգներից մեկն էլ այն էր, որ ծանոթով բանակից ազատվելը մերժելի դառնա իսպառ․ բայց Փաշինյանի կառավարությունը նաև այդ հարցում խաբեց»:

Այս խորագրի վերջին նյութերը