Լրահոս

01.07.2024 14:48


Գյումրիում 33-ամյա տղամարդ է ձերբակալվել եղբորը սպանելու կասկածանքով

Գյումրիում 33-ամյա տղամարդ է ձերբակալվել եղբորը սպանելու կասկածանքով

Գյումրիում երկու եղբայրների վեճն ավարտվել է սպանությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Դեպքը տեղի է ունեցել հունիսի 20-ին։ ՀՀ ոստիկանությունը Գյումրու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ Գյումրի քաղաքի 34–ամյա բնակիչը մարմնական վնասվածքներ է ստացել։ Ավելի ուշ տղամարդը մահացել է։

Նախնական տվյալներով՝ այդ օրը` ժամը 09։00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի 33–ամյա բնակիչը, լսելով քրոջ օգնություն կանչելու ձայնը, մոտեցել է ավտոտնակին, որտեղ նկատել է, թե ինչպես է 34–ամյա եղբայրը ծեծում քրոջը:

«Ըստ նախնական տվյալների՝ 33–ամյա տղամարդը քրոջը պաշտպանելու նպատակով միջամտել է վեճին, սակայն եղբայրը, վերցնելով խոհանոցային դանակը, հարձակվել է քրոջ վրա։ 33–ամյա տղամարդը եղբոր ձեռքից վերցրել է դանակը, և նրանց միջև քաշքշուկ է սկսվել։ Այդ ժամանակ տղամարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք է ստացել գլխի շրջանում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով (սպանություն` մերձավոր ազգականի կողմից) նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 33–ամյա տղամարդը ձերբակալվել է։

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր, ինչպես նաև դանակի շեղբի կտոր: Կատարվել են առգրավումներ, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Նախաքննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը