Լրահոս

01.07.2024 23:38


Կեղծիքներով փորձում են վարկաբեկել

Կեղծիքներով փորձում են վարկաբեկել

Այս տարվա փետրվարի 27֊30֊ին Վիենայի ակումբ֊PANAP կազմակերպությունը, որի Նախագահը և գլխավոր տնօրենը հանդիսանում եմ ես, իսկ համանախագահը Յան Չառնոգուրսկին (նախկին փոխվարչապետ) կազմակերպել էր միջազգային սիմպոզիում, որը նվիրված էր Եվրոպայում խաղաղության գերծընթացներ կազմակերպելուն։ Մասնակցեցին Եվրոպայի երեք տասնյակ երկրների բացառիկ բարձր վարկանիշ ունեցող ներկայացուցիչներ Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Իտալիայից, Ավստրիայից, Ռուսաստանից և այլ երկրներից։

Սիմպոզիումի հովանավորությունն իր վրա էր վերցրել Սլովակիայի Ազգային խորհրդի փոխնախագահ Լյուբոշ Բլահան։ Համաձայն իմ առաջարկի՝ սիմպոզիումը որոշեց Բրատիսլավան հայտարարել որպես ,,Խաղաղության մայրաքաղաք,,, իսկ Սլովակիան՝ որպես չեզոք երկիր, որտեղ պետք է քննարկվեն ու ստորագրվեն Ռուսաստանի և Արևմուտքի միջև ընթացող պատերազմի դադարեցման խաղաղության պայմանագրերը։ Նաև ես ներկայացրեցի սլավոնական երկրների ու Հունգարիայի և Ավստրիայի մասնակցությամբ ,,Սլավոնական միջանցք,, ստեղծելու գաղափարը, ըստ որի վերոհիշյալ երկրների և Ռուսաստանի միջև պետք է ստեղծվի տնտեսական համագործակցության միություն։

Հունիսի 20֊21֊ին Բրատիսլավայում տեղի ունեցավ երկրորդ սիմպոզիումը՝ "Բրատիսլավան՝ խաղաղության մայրաքաղաք" խորագրով։ Մասնակիցների մեջ ներգրավված էին նաև Սերբիական Հանրապետության նախագահ Միլոդար Դոդիկը և Մոլդավիայի էքսնախագահ Իվան Դադոնը։ Սլովակիան ներկայացված էր ոչ միայն Լյոբոմիր Բլահայի, այլև եվրապատգամավոր Միլան Ուհրիկի, դեսպան, փորձառու դիվանագետ Յան Բորիի, Հակաֆաշիստական Միության նախագահ Լոնգաուերի և այլոց միջոցով։ Սիպոզիումն ուղիղ եթեր հեռարձակվեց Ռեկտոր TV հեռուստատեսության միջոցով։

Իմ կողմից առաջարկվեց հաջորդ սիմպոզիումը կազմակերպել սեպտեմբերին, որի ընթացքում կփորձենք պատրաստել ,,Խաղաղության պայմանագրի,, ստորագրումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահության թեկնածու Դոնալդ Թրամպի և մի շարք այլ երկրների առաջնորդների կողմից։ Այս բացառիկ կարևոր գործունեությունը խիստ դրական արձագանք ստացավ բոլոր մասնակից երկրների փորձագետների կողմից և ներկայացվեց բազմաթիվ ԶԼՄ-ների միջոցով։

Զարմանալիորեն սլովակյան լիբերալ մամուլի կողմից ,,Խաղաղության պայմանագրի,, կազմակերպումը ոչ միայն նեգատիվ արձագանք ստացավ, այլև կեղծ կոմպրոմատներ ներկայացվեցին մասնակիցներից ամենանշանավոր մի շարք դեմքերի, այդ թվում նաև իմ նկատմամբ։ Կոնկրետ ուզում եմ կարճ քննարկել ինձ վարկաբեկելու այս անհաջող փորձը։ Այո՛, քսան տարի առաջ՝ 2004 թվականի հոկտեմբերի 14֊ին, թուրք֊ազերական փողերով կաշառված ՅՈՅ հեռուստատեսության խմբագիրներից մեկի պատրաստած բացառիկ սուտ ու կեղծիք պարունակող նյութը ներկայացրել է այդ հեռուստատեսության մոդերատոր, ինչպես նշում է ՍՄԵ լիբերալ թերթը, Բրանիո Օնդրուշը, որտեղ ասվում է, որ ես խաբել եմ Սլովակիայի Ազգային խորհրդի պատգամավորներին։ Թե ինչ հարցում եմ խաբել, չկա ոչ մի բառ։ Նաև ՍՄԵ լրագիրը չի նշում, թե ինչ գործունեություն եմ ծավալել ԱԽ-ում և ինչ հարցում եմ խաբել պատգամավորներին։ Իսկապես 2004 թ․ նոյեմբերի 30֊ին Սլովակիայի ԱԽ-ն քննարկեց ,,Հայոց ցեղասպանության բանաձևը,, որի պատրաստման կազմակերպիչը եղել եմ ես և այն ընդունվել է ԱԽ-ի 150 պատգամավորների կողմից առանց դեմ ձայնի։ Կրկնում եմ, առանց գոնե մեկ դեմ ձայնի։ Այսինքն, ես խաբել եմ 150 պատգամավորի՞։ Ընդ որում, այդ նշանավոր նիստի ժամանակ բանաձևի քննարկումը պահանջել է Քրիստնեադեմոկրատական կուսակցության պատգամավոր, Սլովակիայի ԱԽ առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոն։ Ներկայացնում ենք նրա արձագանքը ՍՄԵ֊ում տպագրված այս անհեթեթ հայտարարությանը. ,,Նշենք նաև, որ այդ բանաձևի անցկացման շուրջ ծավալված աշխատանքներին տարբեր չափով մասնակցություն են ունեցել պատգամավորներ Տիբոր Միկուշը, Ռուդոլֆ Ժիակը, Գուստավ Կրայչին (HZDS)), Պավել Հրուշովսկին (ԱԽ նախագահ), Պավել Մինարիկը, Յան Չարնոգուրսկին և KDH կուսակցության այլ գործիչներ, ինչպես նաև այլ կուսակցությունների բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնք մինչև այսօր հպարտանում են իրենց կատարած այս քայլով։ Մեծ աշխատանք կատարած որոշ պատգամավորների անունները գրված են ցեղասպանության այդ բանաձևը անմահացնող հայկական Խաչքարի` հուշարձան֊կոթողի վրա, տեղադրված Դանուբի աջ ափին " Տիրսովո" հրապարակում։ Եթե ՍՄԵ թերթի գլխավոր խմբագիրը և նրա գրչակը այն կարծիքի են, որ ես խաբել եմ այս նշանավոր սլովակների բազմությանը և 1915 թվականին թուրքերի կողմից չի ոչնչացվել 1,5 միլիոն հայ, թող հանդես գան վերը նշված 1341 բանաձևի դեմ և պահանջեն այն վերանայել։

Նաև նշվում է, որ ես խաբել եմ պատգամավորներին՝ ներկայանալով, որպես Հայաստանի դեսպան։ Դա արդեն ծաղր է Սլովակիայի ԱԽ-ի պատգամավորների և ողջ ԱԽ-ի նկատմամբ։ Ավելին, նշված է, որ ես որպես դեսպան Հայաստան այցի եմ հրավիրել Սլովակիայի այն ժամանակվա նախագահ Իվան Գաշպարովիչին։ Հարգելի թերթի գլխավոր խմբագիր և հոդվածագիր պարոն գրչակ, այո՛, ես տասնյակ պետական գործիչների և կառավարական պատվիրակությունների այցեր եմ կազմակերպել Հայաստան, բայց ինչպե՞ս կարող եմ նրանց խաբել ու դեսպան ներկայանալ, էլ չեմ ասում, որ դեսպանի հաստատումը տալիս է տվյալ երկրի նսխագահը։ Այն, որ ՍՄԵ լիբերալ մեդիան պայքարում է Բրատիսլավան միջազգային խոշոր քաղաքական֊դիվանագիտական կենտրոն և "Խաղաղության մայրաքաղաք" դառնալու դեմ, լուրջ տարակուսանք է առաջացնում ցանկացած հայրենասեր սլովակի, նաև այլազգիների մոտ, սակայն այն, որ հարձակվում է այս գործընթացի կազմակերպիչների վրա և կեղծիքներով փորձում է վարկաբեկել նրանց, սա արդեն քրեորեն պատժելի արարք է, կարծում ենք։

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյան

Այս խորագրի վերջին նյութերը