Հենրիխ Մխիթարյանը պատմել է որդու հետ երևանյան զբոսանքների մասին
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ և Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի որդին` Համլետը, շատ հետաքրքրասեր երեխա է, փորձում է ամեն ինչ իմանալ։ Ֆուտբոլիստն այդ մասին պատմել է armenian-soccer–ին։
«Որդուս մոտ «ինչու»–ները ոչ թե շատ են, այլ շատ–շատ։ Շատ հաճելի է, որ նա այդքան հետաքրքրասեր է և փորձում է ամեն ինչին ծանոթանալ, ամեն ինչ իմանալ։ Հիմա, երբ Հայաստանում ենք, ամենից հաճախ հարցնում է` ինչո՞ւ քեզ բարևեց։ Փողոցում անծանոթ մարդիկ շատ-շատ են մոտենում, բարևում: Համլետի մոտ հարց է առաջնում` ինչո՞ւ: Ասում է` ճանաչո՞ւմ ես, պատասխանում եմ՝ ոչ, և նրա հաջորդ հարցը` բա ինչո՞ւ է բարևում քեզ, բացատրում եմ՝ գիտի, որ ես «Ինտերում» եմ խաղում, հավաքականում եմ խաղացել: Այստեղ նրա հարցերը դադարում են, բայց հաջորդ բարևողի հետ ամեն ինչ նորից սկսվում է»,–պատմել է ֆուտբոլիստը:
Նա նշել է` եթե որդին որոշի ֆուտբոլիստ դառնալ, ապա ամեն ինչով կաջակցի նրան, ու հենց այդ ժամանակ էլ գուցե հասկանա, թե ինչու են մարդիկ այդքան շատ բարևում իրեն։ Միևնույն ժամանակ նա վստահեցրել է` մասնագիտություն ընտրելու հարցում որդուն ոչինչ չի պարտադրի։
Հենրիխ Մխիթարյանը պատմել է որդու հետ երևանյան զբոսանքների մասին