Աշխարհ

03.07.2024 22:14


ՌԴ-ն դադարեցրել է մասնակցությունը ԵԱՀԿ-ի Խորհրդարանական Վեհաժողովին

ՌԴ-ն դադարեցրել է մասնակցությունը ԵԱՀԿ-ի Խորհրդարանական Վեհաժողովին

Ռուսաստանի Պետդուման և Դաշնության խորհուրդը համատեղ հայտարարություն են ընդունել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) աշխատանքներին երկրի Դաշնային ժողովի պատվիրակության մասնակցությունը կասեցնելու և 256 հազար եվրո անդամավճարը մուծելուց հրաժարվելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության բովանդակությունը ներկայացրել է Интерфакс-ը:

«Չնայած ռուսական պատվիրակության բազմակի դիմումներին և առաջարկներին՝ ԵԱՀԿ ԽՎ ղեկավարության առաջնահերթությունները վկայում են, որ կարծիքների կառուցողական փոխանակման և միավորող օրակարգ ձևավորելու պայմաններ ստեղծելու փոխարեն այս հարթակը ներկայումս օգտագործվում է որպես քաղաքականացված գործիք՝ հակառուսաստանյան կուրսի նպատակային իրականացման համար, ներառյալ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառահետևանքային կապի միտումնավոր խեղաթյուրումը»,-նշված է փաստաթղթում:

Ռուսական կողմը պնդում է նաև, որ ԵԱՀԿ ԽՎ-ն երկար տարիներ անտեսում է Ուկրաինայում և Բալթյան երկրներում ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման, մայրենի լեզվով հաղորդակցվելու և կրթվելու ազատության հետ կապված խնդիրները, ուշադրություն չի դարձնում նացիստների և նրանց աջակիցների հերոսացմանը, Բրյուսելում և Վաշինգտոնում ձևավորված տեսակետները չկիսող լրագրողների նկատմամբ բռնարարքներին և նրանց սպանություններին:

Ռուսաստանը պնդում է, որ երկրի պատվիրակությունը բազմիցս մտածածին պատրվակներով զրկվել է երկխոսությունը շարունակելու, ԵԱՀԿ ԽՎ լիագումար նիստերի և ղեկավար մարմինների աշխատանքներին լիարժեք և հավասարազոր մասնակցության, որոշումների կայացմանը մասնակցելու հնարավորությունից։ Ուշադրություն է հրավիրվում նաև այն հանգամանքին, որ Ռումինիան ցուցադրաբար վիզաներ չի տրամադրել Ռուսաստանի պատվիրակության անդամներին՝ Բուխարեստում կայանալիք ԵԱՀԿ ԽՎ ամենամյա նստաշրջանին մասնակցելու համար:

Ռուս օրենսդիրները հայտարարում են, որ իրենց մասնակցության կասեցման ընթացքում Վեհաժողովի կանոնակարգում փոփոխություններ կատարելու ցանկացած գործողություն, որը միտված է լինելու ՌԴ-ին վնասելուն իրավաբանորեն կհամարվի անվավեր:

Միաժամանակ, Ռուսաստանը հայտարարել է, որ պատրաստ է վերսկսել աշխատանքները ԵԱՀԿ ԽՎ-ում, եթե կազմակերպության ղեկավարությունը և մի շարք երկրներ վերանայեն եվրոպական անվտանգության հրատապ խնդիրների լուծման նկատմամբ իրենց մոտեցումները:

Այս խորագրի վերջին նյութերը