Լրահոս

08.07.2024 11:44


Ավելի քան 11 հազար ադրբեջանցիներ ցուցակագրվել են հայերից դատարկվող հայրենի Սիսիան վերադառնալու համար․ Վարդան Բալյան

Ավելի քան 11 հազար ադրբեջանցիներ ցուցակագրվել են հայերից դատարկվող հայրենի Սիսիան վերադառնալու համար․ Վարդան Բալյան

Հունիսի 21-ին Նախիջևանի Շահբուզի շրջանի Բաթաբաթ զբոսաշրջային գոտում, Սիսիանի սահմանից ոչ շատ հեռու, ի դեպ, կազմակերպվել էր «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» երկրորդ ֆեստիվալ-համագումարը/համաժողովը: Կազմակերպիչները Նախիջևանի ինքնավար հանրապետությունում Ադրբեջանի նախագահի ներկայացուցչությունն էր, Ադրբեջանի կրթության և գիոտւթյան նախարարությունը, Նախիջևանի պետական համալսարանը և Արևմտյան Ադրբեջանի համայնք անունը կրող, ըստ էության, պետական կազմակերպությունը: Նշենք, որ այս միջոցառումն արդեն երկրորդ անգամ է անցկացվում՝ առաջինը 2023 թվականի նոյեմբերին էր, նույն վայրում: Հրապարակված տեսանյութերում երևում են Արևմտյան Ադրբեջանի 11 շրջանների վրաններ՝ հետաքրքիր թիվ է, կարծում եմ: Մասնակիցները խորհրդանշական քայլերթ-ուխտագնացություն էին կազմակերպել Քոթամ գյուղ, Սալամմալիք երկաթուղային կայարան որպես Զանգեզուրի միջանցքի խորհրդանշական դարպասներ: Սիսիանի բնակչությունը թերևս մեծ ոգևորությամբ վերաբերվի այս տեղեկությանը, քանի որ Արևմտյան Ադրբեջան վերադարձի պատրաստվող բազմահազար ադրբեջանցիները Նախիջևանը և Ադրբեջանը կապող Զանգեզուրի միջանցքի հիմնական երթուղին գծել են հենց Սիսիանով: Առևտրի փայլուն հեռանկարներ են բացվում փաստորեն:

Երկօրյա միջացառումն, ըստ որում, ոչ միայն և ոչ այնքան մշակութային էր, այլև կոչված էր քննարկելու նախագահ Իլհամ Ալիևի զեկույցը Արևմտյան Ադրբեջան վերադարձի թեմայով: Մասնակցում էին Ադրբեջանի գիտությունների ակադեմիան, Բաքվի պետական ինստիտուտը և ադրբեջանական համարյա բոլոր խոշոր բուհերը, Կոոպերատիվ միությունների կոնֆեդերացիան ու բազմաթիվ այլ կազմակերպություններ: Համաժողովը եզրափակիչ փաստաթղթում արձանագրեց, որ Հայաստանից բռնի տեղահնվել են ավելի քան 300 հազար ադրբեջանցիներ, մեծ մասն առանց գույքի որևէ փոխհատուցման, դաժանաբար սպանվել 200-ից ավելի անմեղ ադրբեջանցիներ, հիմնահատակ ավերվել են 300 մզկիթներ, ոչնչացվել են 500-ից ավելի գերեզմանոցներ: Առաջին համաժողովից հետո, ի դեպ, պետական աջակցությամբ գործող Արևմտյան Ադրբեջան կազմակերպությունը 1 տարվա ընթացքում հասցրել է կազմակերպել 24 շրջանների 277 բնակավայրեր ներկայացնող համայնքային կառույցներ, որտեղ իրականացվում է Արևմտյան Ադրբեջան վերադառնալու ցանկություն ունեցող քաղաքացիների ցուցակագրումը: Հրապարկման պահին, օրինակ, ավելի քան 11 հազար ադրբեջանցիներ ցուցակագրվել են հայերից դատարկվող հայրենի Սիսիան վերադառնալու համար:

Ապագա կա, ընկերներ, վերադարձի ապագա 11 հազարից ավելի ադրբեջանցի-սիսիանցի եղբայրների ու քույրերի համար: Ի դեպ, ցուցակագրումը դեռ ընթացքի մեջ է, հետևաբար, սա վերջնական թիվ չէ:

Վարդան Բալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը