Կարծիք

08.07.2024 12:44


Ընտրություններում Մակրոնը պարտվեց, սակայն գերադասեց զիջել «ձախերին», այլ ոչ թե՝ «աջերին»

Ընտրություններում Մակրոնը պարտվեց, սակայն գերադասեց զիջել «ձախերին», այլ ոչ թե՝ «աջերին»

Ինչպես հայտնի է, Ֆրանսիայում ընտրությունները նշանակված էին 2024 թվականի հունիսին, երբ նախագահ Էմանուել Մակրոնը ցրեց Ազգային ժողովը՝ կապված Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքների հետ, որոնցում հաղթեցին ֆրանսիական արմատական աջերը, և որոնք առաջ անցան իշխող կոալիցիայից։

Ընտրությունների առաջին փուլում, որն անցավ հունիսի 30-ին, հաղթող դուրս եկան աջ «Ազգային միավորում» կուսակցությունը՝ Մարին Լը Պենի գլխավորությամբ և նրա դաշնակիցները՝ հավաքելով ձայների ավելի քան 33%-ը և ստանալով 39 մանդատ։

Առաջին փուլում, ընդհանուր առմամբ, ընտրվել էր ընդամենը 76 պատգամավոր, որից 39-ը, այսինքն կեսից ավելին «Ազգային միավորումից»:

Գրեթե բոլոր ֆրանսիական փորձագետները կանխատեսում էին, որ ընտրությունների երկրորդ փուլում Լը Պենի կուսակցությունը կարող է հավաքել մինիմում 240 մանդատ:

Երկրորդ փուլում, որն անցավ այս կիրակի, հուլիսի 7-ին, ընտրություններին մասնակցում էին 444 թեկնածու «Ազգային միավորումից», 415 թեկնածու՝ ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատից», 321 թեկնածու՝ «Միասին՝ հանուն հանրապետության» լիբերալ կոալիցիայից, որը աջակցում էր Մակրոնին։

Ընտրությունների երկրորդ փուլն անսպասելի արդյունքներ արձանագրեց: Թեև Լը Պենի կուսակցությունը կրկին առաջին տեղը զբաղեցրեց, հավաքելով ձայների ավելի քան 32 տոկոսը, սակայն Մակրոնի թիմը և ձախերը, իրար աջակցելով, թույլ չտվեցին, որ Լը Պենն իր հաջողությունը կապիտալիզացներ մանդատներ ստանալով և արդյունքում, երկրորդ փուլում Լը Պենին հաջողվեց ստանալ ընդամենը 88 նոր մանդատ: Եթե դրան ավելացնենք նաև մյուս աջերի հավաքած մանդատները, ապա կստացվի, որ Լը Պենը խորհրդարանում կարող է ունենալ մոտ 140 մանդատ, սպասվելի 240-ի փոխարեն:

Մակրոնի թիմը կարող է ունենալ մոտ 170 մանդատ և դա այն դեպքում, երբ համամասնական ընտրությունների արդյունքներով նրա դաշինքը զիջել էր ոչ միայն Լը Պենի թիմին, այլև՝ ձախերին: Մակրոնը փաստացի կարող է ավելի շատ մանդատ ունենալ, քան նույնիսկ Լը Պենի թիմը, և նա այդ արդյունքին կարողացել է հասնել, ձախերի օգնությամբ, որոնք հանեցին իրենց թեկնածուների մի մասին՝ ի օգուտ Մակրոնի:

Սակայն նույնիսկ այս պայմաններում, խորհրդարանում մեծամասնություն են ստանում ոչ թե Մակրոնը, այլ ձախերը, որոնց էլ, իրենց հերթին, շատ ընտրատեղամասերում աջակցեցին Մակրոնի թիմակիցները:

Ստացվեց այնպես, որ Մակրոնը, ձախերի հետ համատեղ, «գողացավ» Լը Պենի մանդատները՝ օգտվելով ֆրանսիական ընտրական համակարգի առանձնահատկությունից:

Այսպիսով, այս ընտրություններում առաջին տեղը զբաղեցրեց Լը Պենի միավորումը, սակայն կառավարությունը կձևավորեն ձախերը՝ Մակրոնի աջակցությամբ:

Իսկ դա նշանակում է, որ Լը Պենին երբևէ կհաջողվի հասնել իշխանության, երբ նա ստանա ֆրանսիացիների ձայների ոչ թե հարաբերական, այլ՝ բաձարձակ մեծամասնությունը կամ երբ ֆրանսիացիները կասկածի տակ կդնեն նաև իրենց ընտրական համակարգի այս տարօրինակ առանձնահատկությունը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը