Քաղաքական

12.07.2024 12:14


ԱԺ աշխատակազմի ղեկավարը անձամբ հետևել է, թե ինչպես են լրագրողներին բռնությամբ դուրս հանում․ «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավարը անձամբ հետևել է, թե ինչպես են լրագրողներին բռնությամբ դուրս հանում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հունիսի 12-ին՝ Աժ-ում Կառավարության հարցուպատասխանի ժամանակ, լրագրողներին բռնությամբ ԱԺ օթյակից դուրս հանելու միջադեպով՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով վարույթ է նախաձեռնվել։ Նշենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը հաղորդում էր ներկայացրել այն մասին, որ 2024թ. հունիսի 12-ին հրապարակվել է՝ «Պատգամավորները քաշքշում են միմյանց, ընդմիջման ժամանակ. կրքերը չեն հանդարտվում» վերտառությամբ տեսանյութ, որը, ենթադրաբար, նկարահանված է լրագրողների կողմից՝ ԱԺ նիստերի դահլիճի օթյակից (օթյակը նախատեսված է նիստը լսելու և ցանկության դեպքում նաև նկարահանելու համար):

Տեսանյութի 4-րդ րոպեի 45-րդ վայրկյանից լսվում է, թե ինչպես են լրագրողներին դուրս հրավիրում օթյակից, մինչդեռ ԱԺ նիստը տեղի էր ունենում բաց ընթացակարգով, այսինքն՝ այն կարող էր ձայնագրվել, տեսանկարահանվել, լուսանկարահանվել, ուղիղ հեռարձակվել: Անհայտ անձը (ամենայն հավանականությամբ՝ ԱԺ անվտանգության աշխատակիցներից որևէ մեկը) ստիպում է լրագրողներին դուրս գալ օթյակից, ինչով նա խոչընդոտում է լրագրողների մասնագիտական գործունեությունը:

«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողները ևս այդ պահին գտնվել են օթյակում և արձանագրել են, որ ՊՊԾ աշխատակիցներին այդ հրահանգը անձամբ տվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը և անձամբ օթյակի միջանցքում հետևել է, թե ինչպես են լրագրողներին բռնությամբ դուրս հանում օթյակից։ Հուսանք՝ քննչական ծառայությունները ԱԺ աշխատակազմի ենթադրյալ ինքնիրավչության վրա աչք չեն փակի, և Առաքելյանը օրենսգրքի ողջ խստությամբ կպատժվի՝ լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար»:

Այս խորագրի վերջին նյութերը