Լրահոս

12.07.2024 15:21


Երբ համընկնում են հայկական և ադրբեջանական «ակտիվիստների» նպատակները

Երբ համընկնում են հայկական և ադրբեջանական «ակտիվիստների» նպատակները

Բազմիցս անդրադարձել ենք այն խնդրին, որ Ադրբեջանը 2021 թվականից «տեղեկատվական ահաբեկչություն» է իրականացնում Հայաստանի հանքարդյունաբերական ընկերությունների դեմ՝ փորձելով ցույց տալ աշխարհին, որ աղտոտվում են տարածաշրջանի գետերը, որոնք անցնում են նաև Ադրբեջանի տարածքով:

Սա պատահականություն չէ, կամ, առավել ևս, տարածաշրջանի «անաղարտ» բնության համար Ադրբեջանի անկեղծ մտահոգության հետևանքը չէ։ Սա ծրագրված, նպատակային արշավ է, որի վերջնանպատակը Հայաստանի եկամտի աղբյուր հանդիսացող ճյուղերի բնականոն գործունեությունը խաթարելն է։

Մեղադրանքներն «ավելի հիմնավոր» դարձնելու համար անթաքույց օգտագործում են հենց հայկական բնապահպանական ՀԿ-ների կողմից արված հայտարարությունները կամ զեկույցները։ Ընդհանրապես, երբ ասում ենք՝ «հայկական», դա պետք է պայմանական այդպես համարել՝ գրանցման երկրով, բայց ոչ գործունեությամբ։

Դեռևս անցած տարի հայկական և ադրբեջանական ՀԿ-ները ստորագրել էին նույն հայտարարության տակ, որով միասին թիրախավորել էին Հայաստանի հանքարդյունաբերությունը։

Անցած շաբաթ էլ այդ ՀԿ-ներից մեկի ղեկավարը մամուլի ասուլիսի ժամանակ փաստացի ընդունել է, որ իրենց զեկույցներն Ադրբեջանն օգտագործում է մեր երկրի հանքարդյունաբերության դեմ դատական հայցերի պատրաստման գործում, բայց դրանից հետո հերթական անգամ խոսել է ջրերի աղտոտվածության մասին՝ շարունակելով պետքական խաղալիք հանդիսանալ հարևան երկրի ձեռքում։

Իսկ Ադրբեջանն այս գործիքակազմն օգտագործելու ոչ մի առիթ բաց չի թողնում։ Անցնող տարվա ընթացքում ադրբեջանական ՀԿ-ները ջերմ ողջունել են հայկական ՀԿ-ների հակահանքարդյունաբերական գործունեությունը։ Իսկ հայ ակտիվիստների Հայաստանի իսկ տնտեսության կարևոր ճյուղի դեմ մեղադրանքներն ուղղակի հնչել են ադրբեջանական TV-ին տված վերջիններիս հարցազրույցներում։ Անցյալ շաբաթ աննկատ անցած ասուլիսին հայկական ՀԿ-ի ներկայացուցիչը Հայաստանի հանքարդյունաբերության դեմ իրականացվող Ադրբեջանի գործողությունների մեջ մեղադրեց ՀՀ հանքարդյունաբերության մեջ ներդրում անող ռուսական կապիտալին, թե նրանք աղտոտում են գետերը, հետո էլ Ադրբեջանին «քսի են տալիս» մեզ վրա։

Կարող էր թվալ, թե այս բավական անհեթեթ հնչող կոնսպիրոլոգիան, թե՝ ռուսական ընկերություններն իրենք իրենց դեմ «քսի են տալիս», պարզապես հակառուսականության դրսևորում է։ Բայց բավական է հիշել, որ այս նույն ՀԿ-ների ակտիվ մասնակցությամբ տապալվեց ոլորտում միակ արևմտյան խոշոր ներդրումը՝ Ամուլսարը։ Տեղին է նաև հիշել, որ 2021 թվականի հուլիսին Ադրբեջանի բնապահպանության նախարարի տեղակալը հայտարարել էր, որ գերմանական ընկերությունը, որին այն ժամանակ պատկանում էր ԶՊՄԿ-ն, օգնում է հայերին Ադրբեջանը «թունավորելու» գործում։

Այստեղից եզրակացնում ենք, որ դա այն ժամանակ արևմտյան կապիտալով աշխատող ընկերություն էր, ոչ ռուսական, բայց Ադրբեջանի և Հայաստանի «բնապահպանների» հռետորաբանությունը, ինչպես նկատում ենք, կապիտալների փոփոխությունից չի փոխվել և ծառայում է մեկ նպատակի՝ հարվածել Հայաստանի տնտեսությանը։

Մենք տարիներ շարունակ ահազանգել ենք, որ Հայաստանում բնապահպան հռչակված տարբեր գրանտային կամ այլ անհայտ աղբյուրներից սնվող կազմակերպությունները և անձինք, հաճախ՝ առանց որևէ հիմնավոր փաստարկի, վարկաբեկում են Հայաստանի տնտեսության կարևոր ճյուղը։ Դեռևս մինչև 44-օրյա պատերազմը, ավելի քան 10 տարի շարունակ գրել ենք այն մասին, որ բնապահպանական բարեփոխումների համար պայքարելու այլ մեթոդներ պետք է լինեն, քան Հայաստանի հանքարդյունաբերության անխնա վարկաբեկումը, որը մի օր օգտագործվելու է մեր դեմ։ Արդեն երկու տարի՝ Լաչինի միջանցքի փակումից ի վեր, ակնհայտ է, որ մեր նախազգուշացումներն ավելի քան հիմնավոր էին։ Բայց պետական շահերի ոտնահարումը նույն ոճով շարունակվում է։ Մնում է հասկանալ՝ արդյոք ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾ) այստեղ անելիք չունի՞, երբ ակնհայտ է, թե ինչպես են հայաստանյան և ադրբեջանական որոշ հասարակական կազմակերպություններ, պսևդոբնապահպաններ «պասերով խաղում»՝ զոհասեղանին դնելով Հայաստանի տնտեսությունը, հանքարդյունաբերությունը:

Տեղեկացնենք նաև, որ անցյալ շաբաթ հրավիրված ասուլիսում ևս, ասուլիսի մասնակիցներից և ոչ ոք չունենալով բնապահպանական համապատասխան կրթություն՝ վերջին ատյանի ճշմարտության նման հայտարարում էր, թե հայկական հանքերը աղտոտում են գետերը։ Միգուցե դա այդպես է, միգուցե՝ չափազանցություն է, բայց ո՞վ և ի՞նչ հարթակներում է իրականացնում այդ քարոզը՝ առանց փաստային հիմքերի և մասնագիտական կրթության, ի՞նչ նպատակով է դա արվում և ո՞ւմ կողմից է օգտագործվում, վաղուց արդեն ավելի կարևոր է, քան գետերի ջրերի զուլալությունը, որը խնդրահարույց է, ի դեպ, աշխարհում գրեթե ամենուր՝ անկախ հանքերից։

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը