Աշխարհ

15.07.2024 15:23


Պակիստանում ձերբակալել են նախկին վարչապետ Խանին և նրա կնոջը

Պակիստանում ձերբակալել են նախկին վարչապետ Խանին և նրա կնոջը

Պակիստանի դատարանը մինչև հուլիսի 22-ը ձերբակալել է նախկին վարչապետ Իմրան Խանին և նրա կնոջը՝ Բուշրա Բիբիին, նոր մեղադրանքով՝ կապված ենթադրյալ «պաշտոնի չարաշահման հետ՝ պետական գանձարանից նվերներ ձեռք բերելու համար»: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

Պակիստանի ազգային հաշվետվության բյուրոն՝ հակակոռուպցիոն գործակալությունը, նոր մեղադրանք է առաջադրել մեկ օր անց այն բանից հետո, երբ հուլիսի 13-ին Իսլամաբադի դատարանը բավարարել էր Խանի և նրա կնոջ բողոքարկումը՝ չեղյալ համարելով անօրինական ամուսնության գործով դատավճիռը․ դա վերջին դատական ​​գործն էր, որ «Պակիստան Թեհրիկ ի Ինսաֆ» (PTI) կուսակցության հիմնադրին պահում էր բանտում:

Ամուսինները պետք է դատարանի առաջ կանգնեն հուլիսի 22-ին։

2018-2022 թթ. Պակիստանի կառավարությունը գլխավորած Իմրան Խանը պաշտոնանկ է արվել 2022 թվականի ապրիլի 10-ին՝ նրան անվստահության քվե հայտնելու արդյունքում։ 2023 թվականի օգոստոսին Խանը ձերբակալվել է պետական ​​գանձարանում պահվող թանկարժեք իրերի վաճառքի հետ կապված խարդախության գործով։ Ավելի ուշ նրա դեմ առաջադրվել են ևս մի շարք մեղադրանքներ, որոնցից մեկն էր պետական ​​դավաճանությունը՝ կապված գաղտնի հեռագրի հրապարակման հետ։ Խանի կողմից ներկայացված բողոքարկման քննարկման ընթացքում նրան առաջադրված մեղադրանքների մեծ մասը հանվել է, բայց նախկին վարչապետը մնացել է կալանքի տակ անօրինական ամուսնության գործով։

Ավելի վաղ ՄԱԿ-ի կամայական ձերբակալությունների աշխատանքային խումբը պահանջել էր անհապաղ ազատ արձակել բանտարկված նախկին վարչապետին՝ հայտարարելով, որ նրա դեմ հարուցված առնվազն երկու գործեր «քաղաքական դրդապատճառներ ունեն» և ուղղված են երկրի քաղաքական կյանքից նրա հեռացմանը:

Այս խորագրի վերջին նյութերը