Կարծիք

16.07.2024 09:57


Բանակում ծառայելը Հայաստանում դարձել էր/է «հարիֆների» կամ «քյասիբների» զբաղմունք

Բանակում ծառայելը Հայաստանում դարձել էր/է  «հարիֆների» կամ «քյասիբների» զբաղմունք

Պատերազմող երկրներում զինվորական ծառայությունը պարտադիր բնույթ է կրում։ Դա արդար մոտեցում է հասարակության բոլոր շերտերի նկատմամբ։ Բոլորն ունեն կյանքի իրավունք, և արդար հասարակություններում, երբ պատերազմ է, չպետք է լինեն հասարակության շերտեր, որոնց կյանքի իրավունքն առավել պաշտպանված է։ Բոլորը պետք է պատարստ լինեն հանուն հայրենիքի չխնայել իրենց կյանքը։

Հայաստանը, չնայած պատերազմող երկիր է, բայց վերը հիշատակված առումով արդարության մշտական դեֆիցիտ է եղել։ Հայաստանում միայն 2011-2019 թվականներին պարտադիր զինծառայությունից ազատվել է ավելի քան 55 հազար տղա։ Ամենևին տպավորություն չլինի, թե Հայաստանում այդքան ծանր առողջական խնդիրներ ունեցող տղաներ կան։ Բոլորը գիտեն, որ բանակից ազատվել են նրանք, ովքեր այսպես ասած «ճարպիկ» են գտնվել կամ փող են ունեցել (չնչին տոկոսն է իրական պատճառով ազատվել)։ Բանակում ծառայելը Հայաստանում դարձել էր/է «հարիֆների» կամ «քյասիբների» զբաղմունք, իսկ «խելոքները» ավելի «կարևոր» գործեր ունեին անելու, քան հայրենիքի պաշտպանությանը մասնակցելն է։
Սա էր պատճառը, որ բանակից թռած ճարպիկներն էլ հիմնականում իշխանության տարբեր թևերում բարձր պաշտոններ էին/են զբաղեցնում։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը և իրենից առաջ եղած կառավարությունները եղել են «բանակից թռածների» հավաքատեղի։ Այս պատկերը չի կարող չառաջացնել արդարության ճգնաժամ, որն առակա է մեզանում։
Պատկերը հատկապես ողբերգական է, երբ նայում ես ընդդիմադիր դաշտին և տեսնում ես գրեթե նույնը։ Այստեղ էլ առաջին շարքերում են հիմնականում «ճարպիկները», ովքեր խուսափել են զինվորական ծառայությունից։
Սա կարևորագույն հարց է, որի շուրջ մեր հասարակության մեջ պետք է լայն քննարկում ու բանավեճ լինի։ Պատերազմող երկրում չի կարող լինել հանրության շերտ, որի կյանքի իրավունքն առավել պաշտպանված է, քան մյուսներինը։ Հայրենիքի պաշտպանության գործին պետք է մասնակցեն բոլորը։ Այստեղ անգամ անելիք պետք է ունենան ոչ մահացու, բայց ծանր արատներ ունեցողները (հանում ենք նաև ծանր հոգեկան խնդիրներ ունեցողներին, որոնց թիվը մեծ չէ)։ Բանակում կարտոֆիլ մաքրելն ու սանիտարական աշխատաներ իրականացնելը ևս ծառայություն է հայրենիքին։
Եթե այս քննարկում/խոսակցությունը չլինի ու մենք շարունակենք պահպանել անարդարության այս մոդելը, ապա վստահաբար կարող ենք ասել, որ ոչ մի լավ տեղ չենք հասնի, անգամ կարող ենք առավել մեծ դժվարությունների մեջ հայտնվել։

Հայաստանում գլոբալ փոփոխություններ կարող են տեղի ուեննալ միայն արդարության վերականգնումից հետո, իսկ դա կարող է լինել մի պարագայում, եթե բոլորն ունենան կյանքի իրավունքի պաշտպանվածության հավասար մակարդակ։ Հենց հասարակությանդ կաստաների ես վերածում, արդարությունը մահանում է, իսկ պետությունը՝ հիվանդանում, որն, ի վերջո, բերում է մահվան։

«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը