Լրահոս

17.07.2024 16:08


Նոր «Սանտա-Բարբարան» կամ ինչո՞ւ մինչ օրս Ա. Բաբաջանյանը ներողություն չի խնդրել ՀՅԴ-ից

Նոր «Սանտա-Բարբարան» կամ ինչո՞ւ մինչ օրս Ա. Բաբաջանյանը ներողություն չի խնդրել ՀՅԴ-ից

Սահմանադրական դատարանը 2023 թ. հունվարի 24-ի աշխատակարգային նիստում քննել էր ԱԺ նախկին պատգամավոր, «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի դիմումը եւ որոշել կարճել այն։ Սա նշանակում էր, որ Բաբաջանյանը պարտավոր էր կատարել դատարանի որոշումը՝ ներողություն խնդրել ՀՅԴ-ից՝ հրապարակային վիրավորանքների համար։

Հիշեցնենք՝ դեռեւս 2019 թ․ դեկտեմբերին խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ նա ՀՅԴ-ին անվանել է «ահաբեկչական անցյալով հայտնի ուժ»:

2021 թ. հուլիսին առաջին ատյանի դատարանը պարտավորեցրել էր Բաբաջանյանին՝ հրապարակավ ներողություն խնդրել ՀՅ Դաշնակցությունից եւ Գերագույն մարմնի բոլոր անդամներից՝ զրպարտելու համար։ Դա կատարել ֆեյսբուքյան էջով կամ մամուլի ասուլիսում՝ առնվազն 4 հեռուստաընկերության մասնակցությամբ, ասելով.

«Հարգելի հետեւորդներ, 06.12.2019 թ. ՀՀ ԱԺ ամբիոնից Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության վերաբերյալ ունեցած ելույթումս տեղ գտած վիրավորական արտահայտությունների համար ներողություն եմ խնդրում ՀՅԴ-ից, ինչպես նաեւ կուսակցության ԳՄ բոլոր անդամներից»։

Տեսանյութը պետք է պահպանվի ՖԲ էջում, որպես փոխհատուցում՝ բռնագանձվում է սիմվոլիկ 1 դրամ: Բաբաջանյանը հրաժարվել էր ներողություն խնդրել` փորձելով վիճարկել հաջորդ ատյաններում, ապարդյուն։ Ապա դիմել էր ՍԴ:

Նշենք, որ դեռևս 2022 թ. Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը, հիմք ընդունելով Երեւանի դատարանի 15.09.2022 թ. որոշումը, պարտավորեցրել է Բաբաջանյանին՝ կատարել դատարանի որոշումը, որը, սակայն, մինչ օրս կատարված չէ:

Եվ այսպես, ինչու՞ մինչ օրս Արման Բաբաջանյանը չի խնդրել ներողություն՝ չկատարելով դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած որոշումը, և ի՞նչ է կատարվում իրավապահ համակարգում:

Զավեշտն ամբողջացնելու համար ներկայացնենք մի նամակագրական խրոնոլոգիա:

- 28.03.2023 թ. գրությամբ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի՝ այն ժամանակ նախագահ Սիմոն Սիմոնյանը դիմել է Գլխավոր դատախազությանը՝ ակնկալելով պարզաբանումներ ստանալ օրինական ուժի մեջ մտած վճռի չկատարման իրավական հետևանքների, այդ թվում՝ պատասխանատվության միջոցների կիրառման, ինչպես նաև վճռի անվերապահ կատարման ուղղությամբ:

- 31.03.203 թ. Սիմոն Սիմոնյանի դիմումը Գլխավոր դատախազությունից քննարկման է ուղարկվել Երևան քաղաքի դատախազ Լ. Գրիգորյանին:

- 04.04.2023 թ. Երևան քաղաքի դատախազի տեղակալ Շ. Խաչատրյանի կողմից դիմումն ուղարկվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազ Ժ. Թովմասյանին:

- 07.04.2023 թ. Ժ. Թովմասյանը դիմումն ուղարկել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի պետ Կ. Բունիաթյանին:

- 04.05.2023 թ. Կ. Բունիաթյանը Սիմոն Սիմոնյանին տեղեկացրել է, որ իր դիմումն ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին:

- 30.05.2023 թ. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ ակնկալելով, որ վերջինիս անմիջական վերահսկողությամբ և հետևողականությամբ, ի վերջո, կյանքի կկոչվի արդարադատությունը և իր ողջ ծավալով կգործադրվի իրավական գործիքակազմը:

- 01.06.2023 թ. Լիլիթ Գալստյանին ՀՀ Գլխավոր դատախազությունից գրավոր տեղեկացրել են, որ գրությունը հասցեագրվել է Երևան քաղաքի դատախազ Լ. Գրիգորյանին:

Թևակոխենք 2024 թվական:

- 26.01.2024 թ. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ԵՐԿՐՈՐԴ անգամ է դիմում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ նշելով, որ 8 ամիս առաջ դիմելով Գլխավոր դատախազին՝ ակնկալում էր, որ վերջինիս անմիջական վերահսկողությամբ և հետևողականությամբ, ի վերջո, կյանքի կկոչվի արդարադատությունը: Մինչդեռ շղթան նորից է սկսվել, և ինքը պատասխան չի ստացել:

- Գլխավոր դատախազությունը գրությունը մակագրել է Երևան քաղաքի դատախազ Ռ. Մանուկյանին՝ հայտնելով, որ այն վերաբերելի է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժնում ՀՀ քչեական օրենսգրքի 507-րդ հոդվածի հատկանիշներով նախաձեռնված թիվ 11124423 քրեական վարույթին (վարույթը նախաձեռնվել է 2023 թ. փետրվարի 27-ին):

- 02.02.2024 թ. ՀՀ դատախազության Երևան քաղաքի դատախազությունը գրությունը նմանաբովանդակ կից գրությամբ վերամակագրել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Ա. Արամյանին:

- 09.02.2024 թ. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Արամ Արամյանը պատասխանել է Լիլիթ Գալստյանին երկարաշունչ մի նամակով՝ նկարագրելով իրավական գործընթացը և հայտնելով, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջը չկատարելու դեպքի առիթով 2023 թ. մարտի 14-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է թիվ 11130223 քրեական վարույթը: Միաժամանակ, 16.03.2023 թ. որոշում է կայացվել թիվ 11130223 քրեական վարույթը միացնել թիվ 11124423 քրեական վարույթին և քննությունը շարունակել մեկ վարույթում՝ թիվ 11124423 քրեական վարույթի համարով: Արամ Արամյանը հայտնել է նաև, որ հետագա քննությունը շարունակելու նպատակով թիվ 11124423 քրեական վարույթն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի քննչական 3-րդ բաժին:

- 20.06.2024 թ. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ԵՐՐՈՐԴ անգամ է դիմում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ խնդրելով տեղեկացնել, թե ՎԱՐՈՒՅԹԸ ՄԻԱՎՈՐԵԼՈՒՑ 15 ԱՄԻՍ ԱՆՑ ի՞նչ ընթացքի մեջ է վերոգրյալ քրեական գործը:

- 25.06.2024 թ. Երևան քաղաքի դատախազի տեղակալ Շ. Խաչատրյանը Լիլիթ Գալստյանի հարցումը վերստին մակագրել է մեզ արդեն ծանոթ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Արամ Արամյանին՝ քննարկելու համար:

Առայժմ այսքանը: Ինչպես տեսանք՝ «գործընթաց է երկրում, եղբայր», շա~տ երկար գործընթաց: Ընթերցողը երևի հիշեց «Սանտա-Բարբարա» հայտնի սերիալը: Շատերը երևի դառը ժպտացին՝ հիշելով իրենց առնչությունները դատական գործընացներին, երբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը գործում է վայրկյանների ճշգրտությամբ՝ կալանքի, հարկադրանքի, գույքի բռնագրավման և օրենքով սահմանված այլ մեթոդներով ու մեխանիզմներով մինչև վերջին կաթիլը քամելով մարդկանց:

Եվ նման պայմաններում՝ ՀՅԴ-ն ընդդեմ Արման Բաբաջանյանի գործի այս ողջ նամակագրական խորոնոլոգիան, իրավապահ համակարգի այսպիսի «անհաջող փոխանցումները», քրեական հին ու նոր, մեկտեղված վարույթներն ու գրությունների վերամակագրման անվերջանալի մղձավանջը կարող են որոշ եզրահանգումների և կասկածների տեղիք տալ. կա՛մ իրավապահ համակարգն ի զորու չէ ստիպելու Փաշինյանի իշխանությանը մոտ կանգնած Արման Բաբաջանյանին՝ կատարելու դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը, կա՛մ հասկանալի պատճառներով միտումնավոր ձգձգում է գործընթացը՝ ստեղծելով այսպիսի ամոթալի, խայտառակ ու զավեշտալի պատկեր:

Իսկ թե երբ կցուցադրվի մերօրյա այս «Սանտա-Բարբարայի» վերջին սերիալը, և ինչպես կավարտվի այն՝ կապրենք, կտեսնենք:

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը