Լրահոս

19.11.2010 16:15


Երվանդ Բոզոյան. «Վերջին 2-3 տարիների ընթացքում Հայաստանը դիվանագիտական ճակատում խոշորամասշտաբ պարտություններ է կրել»

Երվանդ Բոզոյան. «Վերջին 2-3 տարիների ընթացքում Հայաստանը դիվանագիտական ճակատում խոշորամասշտաբ պարտություններ է կրել»

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով՝ Աստանայում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ ադրբեջանցիները դիվանագիտական ճակատում բավական մեծ աշխուժություն են ցուցաբերել, իսկ նրանց ռազմատենչ հայտարարությունները միտված էին փոխելու միջնորդների դիրքորոշումը, որպեսզի միջնորդներն է՛լ ավելի ուժեղացնեին Հայաստանի վրա իրականացվող ճնշումը։ Այսօր հրավիրված ասուլիսում Ե. Բոզոյանը նշել է նաև, թե դրան էապես նպաստեց տխրահռչակ «ֆուտբոլային» քաղաքականությունը, ինչի պատճառով Թուրքիան էապես աշխուժացրեց իր դիվանագիտական ջանքերն այս հարցում և անուղղակիորեն ներխուժեց ԼՂ-ի հարցի կարգավորման մեջ։ Հետևանքներից մեկն էլ այն է, որ ԵԱՀԿ գործող նախագահը՝ Ղազախստանի արտգործնախարարը, փաստացիորեն սենսացիոն առաջարկ արեց՝ ճանապարհային քարտեզ.

-Կարծում  եմ, որ կոնկրետ Աստանայում չի հաջողվի այդ ճանապարհային քարտեզն անցկացնել, որովհետև այդ մոտեցումը մերժում է ոչ միայն Հայաստանը, այլ նաև Ռուսաստանը, սակայն ինքնին այն փաստը, որ այդպիսի առաջարկ արդեն քննարկվում է կուլիսներում, մեզ համար վտանգավոր է։

Այնուհետև քաղաքագետն ասել է.

-Դա ցույց է տալիս, որ այս վերջին 2-3 տարիների ընթացքում Հայաստանը դիվանագիտական ճակատում խոշորամասշտաբ պարտություններ է կրել, և բավականին թուլացել է Հայաստանի վիճակը, ինչը շատ մտահոգիչ է։ Իհարկե, այն զինավարժությունները, որ կատարվեցին Ղարաբաղում, թեև կարևոր էին հենց Աստանայից առաջ, սակայն դրանք նախևառաջ բավականին ուշացած էին, որովհետև մթնոլորտն արդեն փոխվել է, և այդ մթնոլորտի փոփոխությունը կարող է հետագայում լրջորեն ազդել մեզ վրա։ Եվ ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է  ռազմավարական իմաստով փոխի իր ամբողջ դիվանագիտական աշխատանքը, բավականին նախահարձակ լինի և ակտիվ գործողությունների անցնի։

Ե. Բոզոյանն ասել է նաև, որ եթե, այդուհանդերձ, Աստանայում կողմերին ճանապարհային քարտեզ առաջարկվի, ապա դա Հայաստանի համար վտանգավոր կլինի նաև այն առումով, որ Ադրբեջանը կարող է «քարտ բլանշ» ստանալ, ասելու՝ տեսե՛ք, Հայաստանը հերթական անգամ մերժում է միջնորդների առաջարկությունը, և դա ադրբեջանցիներին լեգիտիմ հիմք կարող է տալ հետագայում ռազմական գործողություններ սկսելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը