Կարծիք

02.08.2024 14:36


Հայաստանի ԱԳՆ-ն կրկին ստել է՝ Անկարան չի հրաժարվել իր ոչ մի նախապայմանից (տեսանյութ)

Հայաստանի ԱԳՆ-ն կրկին ստել է՝ Անկարան չի հրաժարվել իր ոչ մի նախապայմանից (տեսանյութ)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Հուլիսի 30-ին տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հերթական հանդիպումը, որից հետո ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ կողմերն ընդգծել են առանց նախապայմանների կարգավորման գործընթացը շարունակելու պայմանավորվածությունը։ Եվս մեկ անգամ նշենք, որ ըստ ՀՀ արտաքին գործերի նախարարության՝ գործընթացը շարունակվելու է առանց նախապայմանների։

Սակայն արդեն օգոստոսի 1-ին Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հաստատում է, որ Անկարայի դիրքորոշումը չի փոխվել, և առանց «Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման», առանց կողմերի միջև «խաղաղության պայմանագրի» ստորագրման, Հայաստան-Թուրքիա սահմանը չի բացվի:

«Եթե կարգավորման գործընթացն ավարտվի, մենք կակտիվացնենք դրական սցենարը, այսինքն` կարող ենք բացել մեր սահմանային դարպասները»,-ասել է թուրք նախարարը «Sabah» թերթին:

Այսինքն, նույնիսկ չարաբաստիկ «խաղաղության պայմանագիրը» ստորագրելուց հետո Անկարան կարող է կրկին չբացել սահմանը։ Սակայն նշենք, որ Ֆիդանի հայտարարությունը վկայում է այն մասին, որ Հայաստանի ԱԳՆ-ն պարզապես ստել է ՀՀ քաղաքացիներին, երբ բոլորին համոզում էր, որ Թուրքիայի հետ բանակցային գործընթացը նախապայմաններ չունի։

Այսինքն՝ եթե չկա «խաղաղության պայմանագիր», ապա 100 տոկոս հավանականությամբ հայ-թուրքական բաց սահման նույնպես չկա, ինչը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավոր քաղաքական նախագիծը՝ «Խաղաղության խաչմերուկը» կմնա չիրականացված։

Խոսելով «Խաղաղության խաչմերուկի» մասին պետք է նշել, որ այս նախագծի հենց անվանումը հուշում է՝ սկզբունքորեն Հայաստանի տարածքով անցնող հաղորդակցությունները պետք է օգտագործվեն բոլոր շահագրգիռ սուբյեկտները՝ ԱՄՆ-ն, Թուրքիան, Ադրբեջանը, Չինաստանը, ԵՄ երկրներն ու Ռուսաստանը: Միայն այդ դեպքում նախագիծն իսկապես կարելի է անվանել «խաչմերուկ»:

Այնուամենայնիվ, ի՞նչ ունենք մենք իրական կյանքում։

Ռւնենք մի իրավիճակ, երբ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեյմս Օ’Բրայենը հայտարարեց, որ Միջին Ասիայի երկրներին անհրաժեշտ է միջանցք Հայաստանով կամ Ադրբեջանով, որպեսզի իրենք կարողանան «մտնել համաշխարհային շուկաներ»՝ շրջանցելով Ռուսաստանը և Չինաստանը: Այսինքն՝ «Խաչմերուկ» կոչվող նախագիծն ուղղված է Մոսկվայի և Չինաստանի դեմ։

Հայաստանի ԱԳՆ-ն, որը չմեկնաբանեց ամերիկացի դիվանագետի հայտարարությունները, դրանով իսկ միայն հաստատեց, որ Փաշինյանը չի ձգտում ապաշրջափակել Հայաստանը, այլ միայն ձգտում է ՀՀ-ն դարձնել «վերբեռնման կետ» թյուրքական աշխարհի շրջանակներում, թյուրքական միջանցքում։

Հայաստանն, առանց անվտանգության երաշխիքների, շատ ցինիկ կերպով ինտեգրվում է թյուրքական աշխարհին՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։

Մտածե՛ք այդ մասին…»։

Այս խորագրի վերջին նյութերը