Աշխարհ

05.08.2024 15:51


Զանգվածային անկարգություններ Հալլում, Մանչեսթերում, Բլեքփուլում, Սանդերլենդում, Բոլթոնում. ի՞նչ է կատարվում Մեծ Բրիտանիայում

Զանգվածային անկարգություններ Հալլում, Մանչեսթերում, Բլեքփուլում, Սանդերլենդում, Բոլթոնում. ի՞նչ է կատարվում Մեծ Բրիտանիայում

Մեծ Բրիտանիայում չեն դադարում Սաութպորտ քաղաքում երեք փոքրիկ աղջիկների սպանության ֆոնին հակամիգրանտային ցույցերը: Ռոթերեմում ցույցերի ժամանակ ցուցարարները փորձել են հրկիզել հյուրանոցը, որտեղ բնակվում էին ապաստան հայցողները: Այս մասին գրում է Guardian-ը։

Մոտ 700 մարդ հավաքվել էր Holiday Inn Express-ի մոտ։ Ցուցարարները կոտրել են շենքի պատուհանները և այրել աստիճանավանդակը։ Ոստիկանությունը փորձել է հանդարտեցնել ցուցարարներին, ինչից հետո նրանք սկսել են շշեր, աթոռներ, ծառերի կտորներ նետել իրավապահների վրա և կրակմարիչներ ցողել: Արդյունքում առնվազն 10 ոստիկան վիրավորվել է։

Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Իվետ Կուպերը դատապարտել է միջադեպը և հայտարարել, որ Հարավային Յորքշիրի ոստիկանությունը «կառավարության լիակատար աջակցությունն ունի մեղավորների դեմ առավել վճռական միջոցներ ձեռնարկելու համար»:

BBC-ն գրում է, որ նման զանգվածային անկարգություններից հետո ամբողջ երկրում կառավարությունն արտակարգ նիստ կանցկացնի: Ընդհանուր առմամբ, ամբողջ երկրում արդեն ավելի քան 150 ցուցարար է ձերբակալվել ։

Ի՞նչ է կատարվում Մեծ Բրիտանիայում:

Հուլիսի 29-ին անգլիական Սաութպորտ քաղաքում 17-ամյա երիտասարդը դանակով հարձակվել է ստուդիայի վրա, որտեղ երեխաների համար պարի և յոգայի թեմատիկ դաս էր անցկացվում փոփ երգչուհի Թեյլոր Սվիֆթի ոճով: Հարձակման հետևանքով 6, 7 և 9 տարեկան երեք աղջիկներ մահացել են։ Եվս 11 երեխա և երկու մեծահասակ դանակի հարվածներ են ստացել, նրանց մեծ մասը ծանր վիճակում է:

Հարձակվողի դրդապատճառներն անհայտ են մնում։ Ոստիկանությունը բացահայտել է, որ հարձակվողը Ակսել Ռուդակուբանան է, որը ծնունդով Քարդիֆից է (Ուելս), Ռուանդայի քրիստոնյաների ընտանիքից։ Սակայն սոցցանցերում կեղծ հայտարարություններ են տարածվել այն մասին, որ կասկածյալը մուսուլման է կամ ապաստան հայցող, որը Մեծ Բրիտանիա Է ժամանել նավով, գրում են Guardian-ը և TRT-ն:

Այս հաղորդագրություններից հետո ծայրահեղ աջ ցուցարարները սոցիալական ցանցերի միջոցով ցույցեր էին կազմակերպում երկրի քաղաքներում: Իրավապահները կոչ են արել զերծ մնալ բռնություններից և նախազգուշացրել պատասխանատվության մասին: Զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել Լիվերպուլում, Հալլում, Մանչեսթերում, Բլեքփուլում, Սանդերլենդում, Բոլթոնում և այլ քաղաքներում:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը