Քաղաքական

06.08.2024 13:10


Ինչո՞ւ դեմոնիզացվեց նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը (տեսանյութ)

Ինչո՞ւ դեմոնիզացվեց նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը (տեսանյութ)

(Հայոց պետականությունը սուբյեկտիվ պատճառներով է գտնվում ազատ անկման վիճակում)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Հայկական պետականության «ազատ անկումը» շարունակվում է, ինչի պատճառով Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, հայտարարելով հայերի՝ իրենց պատմական հայրենիք Արցախ հնարավոր վերադարձի մասին, խոսում է նաև ադրբեջանցիների՝ Հայաստան «վերադարձի» մասին:Սա ռումբ է «հայկական պետականության տակ», որը կարող է հանգեցնել նրան, որ Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի ավելի ուշ, քան կվերանա ժամանակակից հայկական պետականությունն իր ներկայիս տեսքով և ներկայիս սահմաններում: Պարադոքսն այն է, սակայն, որ, ի թիվս այլ բաների, հայկական պետականության այս «ազատ անկումը» պայմանավորված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի վարկաբեկմամբ և սաբոտաժով։

Իշխանամետ քարոզչությունը հատկապես դեմոնիզացրել էր նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ պարբերությունը: Պարբերություն, որտեղ բառացիորեն ասվում է.

«Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ ապահովվելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցություննների շինարարությունը»։

Պետք է հստակ նշել, թե ինչու է 9-րդ կետը նշում ռուսական ФСБ-ի կողմից տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողությունը: Աշխարհը Հայաստանով չի սկսվում ու ավարտվում, իսկ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նման մասշտաբի ու նշանակության տրանսպորտային միջանցքը, նման տրանսպորտային հաղորդակցությունները, որոնք պետք է անցնեն Հայաստանի Հանրապետությունով, կարող են գործել միայն համաշխարհային խաղացողներից մեկի անվտանգության երաշխիքների ներքո։ Այսպես է աշխատում միջազգային լոգիստիկան և միջազգային առևտուրը։ Դա, ի թիվս այլնի, անհրաժեշտ է, քանի որ հակառակ դեպքում ոչ մի միջազգային ապահովագրական ընկերություն չի ապահովագրի այս ճանապարհով անցնող բեռները։ Իսկ առանց ապահովագրության մեծ բեռնափոխադրումներ չեն կարող լինել։

Որպես օրինակ՝ դիտարկենք Պանամայի ջրանցքը, որի ստեղծման համար ամերիկացիները 1906 թվականին ստեղծեցին առանձին պետություն՝ փաստացի խլելով Կոլումբիայից տարածքների մի մասը։ Պաշտոնապես, այսօր ջրանցքը կառավարվում է Պանամայի ջրանցքի վարչակազմի կողմից: Պանաման վճարումներ է ստանում ջրանցքով անցնելու համար, սակայն տրանսպորտային հաղորդակցության փաստացի վերահսկողությունն իրականացնում է Ամերիկայի Միացյալ Նահանգները։

Սա լավ է, թե վատ, այլ հարց է, բայց սրանք միջազգային առևտրի կանոններն են։ Նույն «խաղի կանոնների» հիման վրա 2020 թվականի նոյեմբերից պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ռուսաստանը վերահսկելու է հաղորդակցությունները, և բոլոր տարածաշրջանային խաղացողները համաձայն են դրան։ Ավելին, 2021 թվականի մայիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն տարածեցին, որում ասվում էր.

«Համանախագահները վճռականորեն կոչ են անում կողմերին՝ անհապաղ վերացնել Լեռնային Ղարաբաղ մարդասիրական օգնության մուտքի բոլոր սահմանափակումները և կողմերին կոչ են անում ամբողջությամբ իրականացնել նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները»։ Այսինքն՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն իր հայտարարությամբ լեգիտիմացրել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը։

Սակայն ավելի ուշ Ուկրաինայում պատերազմ սկսվեց, և Փաշինյանի արտատարածաշրջանային գործընկերներն այս իրավիճակը ընկալեցին որպես Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու և դեպի Կենտրոնական Ասիայի ճանապարհ բացող հաղորդակցությունների վրա վերահսկողություն ձեռք բերելու պատմական հնարավորություն։ Ու Նիկոլ Փաշինյանի գործընկերները պատրաստ էին դա անել թե՛ Արցախի, թե՛ ողջ Հայաստանի գնով՝ ինչի մասին էլ վկայում է Տոյվո Կլաարի վերը նշված հայտարարությունը։

Մտածե՛ք այդ մասին…»։

Այս խորագրի վերջին նյութերը