Լրահոս

07.08.2024 12:09


ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Դիլիջանում տեղի ունեցած միջադեպից․ երկու անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, նրանցից մեկը կալանավորվել է

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Դիլիջանում տեղի ունեցած միջադեպից․ երկու անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, նրանցից մեկը կալանավորվել է

2024 թվականի օգոստոսի 5-ին ժամը 12:52-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ, անգիտակից վիճակում, «Դիլիջան» ԲԿ բուժօգնության է տեղափոխվել ինքնությունը չպարզված քաղաքացի:

Ինչպես տեղեկացնում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է մարմնական վնասվածք ստացած անձի ինքնությունը, ով Դիլիջան քաղաքի 51-ամյա բնակիչ է. վերջինս, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է։

Պարզվել է նաև տուժողին հիվանդանոց հիվանդանոց տեղափոխած անձի ինքնությունը, ով վերջինիս 41-ամյա համաքաղաքացին է:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում իրականացված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում բացահայտվել է 51-ամյա տղամարդու սպանության դեպքը:

Քննությամբ պարզվել է դեպքի վայրը, ինչպես նաև՝ միջադեպին մասնակից անձանց ինքնությունը, որոնցից մեկը տուժողին հիվանդանոց տեղափոխած վերոհիշյալ անձն է, մյուսը նույնպես Դիլիջան քաղաքի բնակիչ է՝ 46 տարեկան, իսկ երրորդը՝ Երևան քաղաքի 38-ամյա բնակիչ է: Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, հանցանք կատարած լինելու ծագած հիմնավոր կասկածի հիմքով, հիշյալ երեք անձինք ձերբակալվել են և ներկայացվել վարույթ իրականացնող մարմնին:

Պարզվել է, որ նույն միջադեպի ընթացքում կրծքավանդակի աջ կեսի շրջանում կտրած ծակած վերքով վնասվածքներ է ստացել նաև 46-ամյա տղամարդը, ով բուժօգնություն ստանալու համար տեղափոխվել է բժշկական կենտրոն, վնասվածքներ են հայտնաբերվել նաև Երևան քաղաքի 38-ամյա բնակչի մարմնին։

Այդ առթիվ ևս նախաձեռնվել են առանձին քրեական վարույթներ, որոնք, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով, միացվեն են սպանության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթին:

Հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում՝ ձերբակալվածները, դեպքի մասնակիցների հարազատները, ինչպես նաև՝ ականատես վկաներ:

Դեպքի վայր հանդիսացող Դիլիջան համայնքի Գետափնյա փողոցում գտնվող կիսակառույց եկեղեցու մոտ՝ անտառի սկզբնամասում կատարված զննությամբ հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր, ծալովի դանակ, ալկոհոլային խմիչքների ապակյա շշերի կոտրած կտորներ, քննության համար հետաքրքրություն ներկայացնող այլ առարկաներ:

Քրեական վարույթով էական հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դիակի դատաբժշկական, դատագենետիկական փորձաքննություններ:

Նախաքննությամբ ձեռնարկված ապացուցողական գործողություններով պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, անհատականացվել միջադեպին մասնակից անձանց գործողությունները:

Մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ 2024 թվականի օգոստոսի 5-ին ժամը 11:00-ի սահմաններում Դիլիջան համայնքի Գետափնյա փողոցի կիսակառույց եկեղեցու մոտ՝ անտառի սկզբնամասում՝ տաղավարում, անձնական հարցի շուրջ տարաձայնություն ունենալու շարժառիթով, վիճաբանություն է տեղի ունեցել վերոհիշյալ անձանց միջև, որի ընթացքում 51-ամյա տղամարդուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, վերջինիս 46-ամյա համաքաղաքացին իր մոտ եղած դանակով հարվածել է նրա որովայնի առաջային մակերեսին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք:

Քննությամբ պարզվել է նաև 46-ամյա տղամարդուն կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ հասցրած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի 38-ամյա բնակիչը: Վերջինս իր հերթին, 46-ամյա տղամարդուն կյանքից ապօրինի զրկելու դիտավորությամբ, դանակով հարվածել է նրա կրծքավանդակի շրջանին, սակայն իր հանցավոր մտադրությունն ավարտին չի հասցրել՝ 46-ամյա տղամարդուն ժամանակին ցուցաբերված բժշկական միջամտության շնորհիվ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 46-ամյա տղամարդու նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Երևան քաղաքի բնակչի նկատմամբ՝ 44-155-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում է հարուցվել և նրանց մեղադրանք է ներկայացվել: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը