Լրահոս

09.08.2024 10:24


Հիասթափված եմ մրցավարական անարդարությունից. Արթուր Ալեքսանյանի առաջին մեկնաբանությունը եզրափակչից հետո

Հիասթափված եմ մրցավարական անարդարությունից. Արթուր Ալեքսանյանի առաջին մեկնաբանությունը եզրափակչից հետո

Փարիզի 33-րդ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արթուր Ալեքսանյանն առաջին մեկնաբանությունն է տվել եզրափակիչ գոտեմարտից հետո:

«Ես այստեղ ոսկե մեդալի համար էի եկել: Բայց իմ գոտեմարտի ժամանակ բոլորդ տեսաք, թե ինչ կատարվեց: Այդ դրվագում իրանցի ըմբիշը երկու ոտքով գտնվում էր գոտեմարտելու տարածքից դուրս: Եվ ես այդ պահը նկատեցի և ինքս ասացի, որ մարզիչները բողոքարկեն: Եթե երկու ոտքով դուրս ես գալիս, ուրեմն մեկ միավոր ինձ պետք է տային: Բայց այդ մեկ միավորի փոխարեն երկու միավոր տվեցին իրանցի ըմբիշին, ևս մեկն ավելացրին բողոքարկելու համար: Բոլորն են հարցնում, թե ինչո՞ւ հանեցի մեդալը: Սրա համար եմ հանել այն: Այդտեղ մեկ միավորը իմը պետք է լիներ, և հաշիվն էլ պետք է լիներ 2:1 հօգուտ ինձ»,-«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասել է Ալեքսանյանը:

Վերջինիս խոսքով` այժմ հիասթափությունը մեծ է մրցավարական անարդարությունից:

«Ապագայի մասին դեռևս վերջնական չեմ որոշել: Եվ, իրոք, այս անարդարություններից շատ եմ հիասթափված: Դեռ մնալու եմ ըմբշամարտում: Հույս ունեմ, որ արդարությունը կվերականգնվի»-առանձնացրեց նա:

Ըստ Ալեքսանյանի՝ մրցավարների հետ կապված խնդիրներ կային նաև Սլավիկ Գալստյանի գոտեմարտում, ինչը տպավորություն է ստեղծում, որ Հայաստանի հավաքականի դեմ ինչ-որ տեղ լարվածություն կա:

«Ինչ վերաբերում է գոտեմարտերին ներկա մեծաքանակ հայ երկրպագուներին, կարծես ես տանը գոտեմարտեի: Ուզում եմ շնորհակալություն հայտնել հայ համայնքին, բոլոր հայերին, ովքեր ներկա էին: Իրոք մեծ աջակցություն ենք զգացել: Ամբողջ թիմի անունից շատ մեծ շնորհակալություն եմ հայտնում բոլորին»,-ասաց ըմբիշը:

Օգոստոսի 7-ին Փարիզի «Champ-de-Mars Arena»-ում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի 97 կգ քաշային կարգի եզրափակչում Ալեքսանյանը մրցել էր Իրանից Մոհամմադհադի Սարավիի հետ: Հայկական ըմբշամարտի լեգենդ Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում զիջել էր 4:1 հաշվով և երկրորդ անգամ իր կարիերայի ընթացքում դարձել ՕԽ արծաթե մեդալակիր:

Արթուր Ալեքսանյանը Ռիո-2016-ի ոսկե, Տոկիո-2020-ի արծաթե, Լոնդոն-2012-ի բրոնզե մեդալակիր է: Աշխարհի առաջնությունների քառակի (2014, 2015, 2017, 2022), Եվրոպայի առաջնության 7-ակի չեմպիոն է (2012, 2013, 2014, 2018, 2020, 2023, 2024):

Այս խորագրի վերջին նյութերը