Լրահոս

09.08.2024 15:38


Ծեծել են, նվաստացրել, պահել անազատության մեջ. Հնդկաստանի քաղաքացու նկատմամբ իրականացված խոշտանգումների շարժառիթը բացահայտվել է

Ծեծել են, նվաստացրել, պահել անազատության մեջ. Հնդկաստանի քաղաքացու նկատմամբ իրականացված խոշտանգումների շարժառիթը բացահայտվել է

Հնդկաստանի քաղաքացու նկատմամբ համերկրացիների կողմից ավազակություն և շորթում կատարելու, առանձին դաժանությամբ նրան ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի հանգամանքները պարզվել են. նախաքննությունն ավարտվել է: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն:

Հիշեցնենք, որ հունիսի 26-ին՝ ժամը 20:15-ին, Երևանում բնակվող, Հնդկաստանի Հանրապետության 43-ամյա քաղաքացին հաղորդում էր տվել՝ երկու համերկրացիների կողմից իրեն կապկպելու, ծեծի ենթարկելու, սպանության սպառնալիքներ հնչեցնելու, հայհոյելու, սեռական ոտնձգություն և արժանապատվությունը նվաստացնող գործողություններ կատարելու, մերկ վիճակում տեսանկարահանելու և տեսանյութը հարազատներին ուղարկելու և գումար պահանջելու, իր մոտ առկա գումարը հափշտակելու և իրեն փակի տակ պահելու վերաբերյալ:

Կատարված քննչական գործողություններով հիմնավորվել է, որ 43-ամյա տղամարդը, իր երկու ծանոթների հետ համատեղ ժամանակավորապես բնակվելով նույն կացարանում՝ Երևան քաղաքի Նար-Դոսի փողոցում գտնվող հոսթելում, 2024 թվականի հունիսի 25-ին՝ ժամը 24:00-ից 05:00-ն ընկած ժամանակահատվածում, միասին ալկոհոլ են օգտագործել, որի ընթացքում կրոնական հարցի կապակցությամբ վիճաբանություն է առաջացել նրանց միջև:

Այդ ընթացքում անհանդուրժողականության, ինչպես նաև 43-ամյա տղամարդու մոտ եղած գումարին ապօրինի տիրանալու շարժառիթներով վերջինիս ծանոթները սկսել են ձեռքերով և կոտրված աթոռի մասով հարվածներ հասցնել 43-ամյա տղամարդու մարմնի տարբեր հատվածներին, հանել են նրա հագուստը և հայտնաբերելով 500 ԱՄՆ դոլար գումար՝ հափշտակել են այն, այնուհետև կապելով նրա ձեռքերն ու ոտքերը՝ կրակայրիչով և փայտով մարմնական վնասվածքներ են հասցրել՝ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք:

Չսահմանափակվելով վերջինիս ծեծի ենթարկելով և նվաստացնելով, շահադիտական դրդումներով, ազգականին գումարի պահանջ ներկայացնելու նպատակով, նրան տևական ժամանակ ապօրինի զրկել են ազատությունից՝ անտեսելով 43-ամյա տղամարդու՝ իրեն ազատ արձակելու խնդրանքները, այնուհետև զանգահարել են վերջինիս ազգականին և նրան ազատ արձակելու պայմանով՝ պահանջել 500 ԱՄՆ դոլար գումար:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նշված երկու անձանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 8-րդ և 9-րդ կետերով, 196-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 5-րդ և 9-րդ կետերով, 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, 258-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերով: Որպես խափանման միջոց նրանց նկատմամբ կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Այս խորագրի վերջին նյութերը