Լրահոս

11.08.2024 10:59


Ծեծկռտուք, կրակոցներ Երևանի կենտրոնում՝ «Ռամալա» հյուրանոցի մոտ

Ծեծկռտուք, կրակոցներ Երևանի կենտրոնում՝ «Ռամալա» հյուրանոցի մոտ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով օգոստոսի 8-ին, հերթական կրակոցներն են հնչել Երևանում։

Ժամը 04։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բուզանդի փողոցի 15 հասցեում գործող «Ռամադա» հյուրանոցային համալիրի մոտ վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ և վիճաբանության մասնակիցները եղել են մի քանի թանկարժեք ավտոմեքենաներով։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանը, նույն վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Վահե Մուշեղյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը և ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Երվանդ Նիկոյանը։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։

Ոստիկանների կողմից ձեռնարկված հսկայածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված ծեծկռտուքը առաջացել է Երևանի բնակիչներ 42-ամյա Կարոլինա Խ․-ի, 27-ամյա Մեխակ Ս․-ի, 20-ամյա Ռաֆայել Մ․-ի, 28-ամյա Ստեփան Մ․-ի, 25-ամյա Սուրեն Մ․-ի, 46-ամյա Արման Խ․-ի, 29-ամյա Անդրանիկ Ս․-ի, 28-ամյա Էրիկ Հ․-ի, 30-ամյա Արարատ Ա․-ի, 28-ամյա Գուրգեն Ա․-ի, 26-ամյա Սերյոժա Պ․-ի միջև, որի ժամանակ վիճաբանության մասնակիցներից 2 հոգին իրենց մոտ եղած, դեռևս չպարզված ատրճանակներից կրակոցներ են արձակել։

Դեպքի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հրաչյա Առաքելյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում «խուլիգանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի վայրում աշխատել են նաև փորձաքրեագետները։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիճաբանության, ծեծկռտուքի վայր են ժամանել նշված անձինք 3 «BMW», «Porche», «Toyota» մակնիշի ավտոմեքենաներով, իսկ միջադեպի ընթացքում կռվի մասնակիցներից մի քանիսը ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել «BMW»-ներից մեկի ուղևորներին։ Այդ ժամանակ էլ նշված «BMW»-ի ուղևորներից մեկը իր մոտ եղած դեռևս չպարզված ատրճանակից կրակոցներ է արձակել, որից հետո ծեծկռտուքը էլ ավելի է թեժացել։ Այնուհետեւ «Porche» ավտոմեքենայի ուղևորը իր մոտ եղած դեռևս չպարզված ատրճանակից կրակոց է արձակել ու այդ ժամանակ էլ «BMW» ավտոմեքենայի վարորդն ու ուղևորները փորձել են դիմել փախուստի, սակայն ծեծկռտուքի մյուս մասնակցիները փողոցում տեղադրված երկաթյա աղբարկղերով հարվածներ են հասցրել և վնասել նշված ավտոմեքենան։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ նշված անձանց և ավտոմեքենաները հայտնաբերելու ուղղությամբ, ինչպես նաև ճշտում են արդյոք ծեծկռտուք, կրակոցների հետևանքով տուժած քաղաքացիներ կան, թե ոչ։

Այս խորագրի վերջին նյութերը